Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Լաոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաոսի Ժողովրդադեմոկրատական հանրապետություն
Sathalanalat Paxathipatai Paxaxon Lao
Լաոս դրոշ
Դրոշ
Լաոս զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Pheng Xat Lao
Լաոս դիրքը
Լաոս դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Վիենտյան
Պետական լեզուներ լաոսերեն
Կառավարում հանրապետություն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 236,800 քառ. կմ (83-րդ) կմ² 
 -  Ջրային (%) 2%
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 6,320,000 (101-րդ) 
 -  1995 մարդահամարը 4,574,848 
 -  Խտություն 26.7 մարդ/կմ (177-րդ) /կմ² 
 /մղոն²
Արժույթ Կիպ (LAK)
Ազգային դոմեն .la
Հեռախոսային կոդ +856

Լաոս, պաշտոնական անվանումը՝ Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, պետություն Հարավ-Արևելյան Ասիայում, Հնդկաչին թերակղզում։ Սահմանակից է Չինաստանին, Վիետնամին, Կամբոջային, Մյանմային և Թաիլանդին։ Տարածությունը՝ 236,8 հզ. կմ2, բնակչությունը՝ 6,911,544[1] (2015)։ Մայրաքաղաքը՝ Վիենտյան։ Վարչականորեն բաժանվում է 16 նահանգի (քուեն)։

Կոչվել է Լաո ժողովրդի անունով։ Անվանումը տվել են պորտուգալացիները (անվանման վերջին «ս» տառը պորտուգալերենում ցույց է տալիս հոգնակի)[2]։

Լաոսի Զինված ուժերը Վիետնամի պատերազմում

Մարդու բնակության ամենավաղ հետքերը Լաոսում վերաբերում են վերին քարի դարին։ Մ. թ. I հազարամյակի 1-ին կեսին Լաոսում քաղաքական և տնտեսական մեծ կշիռ է ունեցել կհմերական Ֆունան պետությունը։ 9-13-րդ դարերրում առաջացել է Կամբուջադեշա պետությունը։ 13-րդ դարի սկզբին Հյուսիսային և Կենտրոնական Լաոսում գերիշխող է դառնում թայ-լաոսյան էթնիկական տարրը։ 1353 թվականին ստեղծվել է Լանսանգ պետությունը, որը 1707 թվականին մասնատվել է Լուանգպրաբանգի և Վիենտյանի իշխանությունների։ 1893 թվականին Լուանգպրաբանգում հաստատվել է ֆրանսիական հովանավորություն, որը 20-րդ դարի սկզբին տարածվել է ամբողջ Լաոսի վրա։ 1941 թվականին ճապոնիան օկուպացրել է Լաոսը։ 1945 թվականին Ազատ Լաոսը հանդես եկավ ֆրանսիական տիրապետության վերականգնման դեմ և հոկտեմբերի 12-ին հակաֆրանսիական ապստամբություն բարձրացնելով՝ հռչակեց Լաոսի անկախությունը։ 1946 թվականի սկզբին Ֆրանսիան օկուպացրեց Լաոսը։ Ազգային-ազատագրական պայքարն ընդունեց պարտիզանական շարժման բնույթ։ 1946 թվականի օգոստոսի 27-ի համաձայնագրով Ֆրանսիան ստիպված ներքին որոշ ինքնավարություն շնորհեց Լաոսին։ 1947 թվականի մայիսին Լաոսը հռչակվեց սահմանադրական միապետություն՝ Ֆրանսիայի հովանավորության ներքո։ 1949 թվականի հուլիսին ճանաչվեց Լաոսի ձևական անկախությունը Ֆրանսիայի Միության շրջանակներում։ 1950 թվականի օգոստոսի 13-ին կազմավորվեց Լաոսի Միացյալ ազգային ճակատը, ստեղծվեց ազատագրության ազգային կառավարություն, որը գործում էր ազատագրված շրջաններում։ Երկրի մնացած շրջանները գտնվում էին թագավորական իշխանության հսկողության տակ։ 1951 թվականի մարտին ստեղծվեց Լաոսի, Վիետնամի և Կամբոջայի ժողովուրդների ազատագրության միացյալ ճակատ։ 1953 թվականի հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի և Լաոսի թագավորական կառավարության միջև կնքված պայմանագրով Ֆրանսիան ճանաչեց Լաոսի անկախությունը։ 1954 թվականին Ժնևի խորհրդակցությունում Լաոսի անկախությունը միջազգային ճանաչում ստացավ։ Ֆրանսիական զորքերը դուրս բերվեցին երկրից։ Պաաեա Լաոյի (Նեո Լաո Իթսալայի զինված ուժեր) զորամասերը կենտրոնացան Լաոսի հյուսիսում, իսկ թագավորական կառավարության զորքերը՝ մնացած մասում։ 1955 թվականի դեկտեմբերին Լաոսը դարձավ ՄԱԿ-ի անդամ։ 1956 թվականի հունվարին, Նեո Լաո Իթսալայի II համագումարում, Նեո Լաո Իթսալան վերանվանվեց Լաոսի հայրենասիրական ճակատ։ 1957-1958 թվականներին Լաոի և թագավորական կառավարության համաձայնությամբ ստեղծվեց կոալիցիոն կառավարություն Սուվակնա Ֆումայի գլխավորությամբ։ Սակայն Լաոսի ապստամբական ուժերը 1958 թվականի պետական հեղաշրջմամբ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Արգելվեց ԼՀՃի գործունեությունը։ 1960 թվականի օգոստոսին թագավորական բանակի մի խմբավորում, կապիտան Կոնգ Լեի գլխավորությամբ, պետական հեղաշրջում կատարեց և Սուվաննա Ֆուման հրավիրվեց կազմելու նոր կառավարություն։ Լաոսի ապստամբական ուժերը երկրի հարավում ստեղծեցին, այսպես կոչված, Հեղափոխական կոմիտե, որը գլխավորում էին արքայազն Բուն Ումը և գեներալ Նոսավանը։ 1960 թվականի աշնանից Լաոսում ծայր առան քաղաքացիական կռիվներ։ Ապստամբական ուժերին սատարում էին ԱՄՆ և նրա դաշնակիցները։ 1962 թվականի հունիսին ստեղծվեց ազգային միասնության կառավարություն (վարչապետ՝ Մուվաննա Ֆումա), որը կազմված էր Լաոսի երեք քաղաքական ուժերի (չեզոքներ, ԼՀՃ և աջեր) ներկայացուցիչներից։ 1962 թվականին Ժնևի խորհրդակցությունում դեկլարացիա ստորագրվեց Լաոսի չեզոքության վերաբերյալ։ 1971 թվականի փետրվարին ամերիկա-սայգոնյան զորքերը Հարավային Վիետնամից ներխուժեցին Հարավային Լաոս, սակայն մինչև մարտի վերջը հեռացան։ ԼՀՃ-ի և Վիենտյանի կառավարության միջև ստորագրվեց խաղաղության վերահաստատման և ազգային միասնության հասնելու համաձայնագիր։ Ստեղծվեց Ազգային միասնության ժամանակավոր կառավարություն Մուվաննա Ֆումայի և Ազգային քաղաքական կոնսուլտատիվ խորհուրդ՝ Մուֆանուվոնգի գլխավորությամբ։ Նախատեսվում էր նաև Լաոսից դուրս բերել օտարերկրյա զինվորական անձնակազմը։ 1975 թվականին ընդհանուր դժգոհություն առաջացավ Վիենտյանի կառավարության դեմ։ Օգոստոսի 23-ին Վիենտյանում ստեղծվեց հեղափոխական վարչություն։ 1975 թվականի դեկտեմբերի 1-ին ԼՀճ-ի հրավիրած Ազգային կոնգրեսը հռչակեց Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն։ Հանրապետության նախագահ և Գերագույն ազգային ժողովի նախագահ նշանակվեց Մուֆանուվոնգը, կառավարության վարչապետ՝ ժողովրդա-հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար՝ ԼՀճ-ի նախագահի տեղակալ Կեյսոն Ֆոմվիհանը։ Լաոսի նախկին թագավոր Մավանգ Վատտհանան նշանակվեց պետության ղեկավարին կից գերագույն խորհրդական, իսկ նախկին վարչապետ Մուվաննա Ֆուման՝ նոր կառավարությանը կից խորհրդական։

Պետական կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդրական բարձրագույն մարմինը Գերագույն ժողովրդական ժողովն է, գործադիր մարմինը՝ կառավարությունը։ Կառավարությունն իրականացնում է նաև հանրապետության և հեղափոխական իշխանության պաշտպանությունը։ Լաոսի մայրաքաղաքում և գավառային կենտրոններում գործում են ժողովրդական դատարաններ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաոսը առավելապես լեռնային երկիր է։ Հյուսիսում Տրաննին բարձրավանդակն է (Բիա լեռ, 2820 մ, Լաոսի ամենաբարձր կետը), արևելքում՝ Աննամի լեռները (մինչև 2711 մ), հարավում՝ Բոլովեն սարավանդը (մինչև 1572 մ)։

Կլիման մերձհասարակածային, մուսսոնային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ 15 °C-ից (հյուսիսում) 23 °C (հարավում), հուլիսինը՝ 28-30 °C: Տարեկան տեղումները հարթավայրերում 1500-1700 մմ են, լեռներում՝ մինչև 3000 մմ։

Ներքին ջրեր և հողեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր գետը Մեկոնգն է. հոսում է գլխավորապես Լաոսի արևմտյան սահմանի երկայնքով, որոշ տեղերում նավարկելի է։ Տիրապետում են լեռնային լատերիտային հողերը։ Տարածքի 2/3-ը ծածկված է մուսսոնային անտառներով (հիմնական ծառատեսակներն են՝ սաճ, հնդկեղեգ, ճանդան և այլն). 1000 մ-ից բարձր մագնոլիայի, դափնու մշտադալար լայնատերև անտառներ են, իսկ լեռների կատարային մասում՝ կաղնու և սոճու խառն անտառներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաոսի բնակչությունը աղոթքին նախապատրաստվելիս

Լաոսում ապրում են մոտ 70 ազգություն ու ցեղ՝ լաո (54.6%[3]), քմու, Հմոյ, Թայ և այլն[3]։ Պաշտոնական լեզուն լաոսերենն է։ Բնակչության մեծ մասը կենտրոնացած է հովիտներում։ Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 73.1%ը զբաղված է գյուղատնտեսության մեջ[4]։ խոշոր քաղաքներն են՝ Վիենտյանը, Սավաննաքեթը, Լուանգպրաբանգը, Պաքսեն, Թհաքեքը։ Մեծամասնության դավանանքը բուդդայականությունն է։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաոսի Մայրաքաղաք Վիենտյանի փողոցները

Լաոսը հետամնաց ագրարային երկիր է։ Ազգային Համախառն Ներքին Արդյունքի 23,7%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը[3]։ Պարենային գլխավոր կուլտուրան բրինձն է։ Աճեցնում են եգիպտացորեն, ծխախոտ, բամբակենի, սրճի ծառ, ափիոնի խաշխաշ։ Խոշոր եղջերավոր անասուններ բուծում են գլխավորապես որպես քաշող ուժ։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Մթերում են արժեքավոր ծառատեսակների (ճանդան, սաճ և այլն) փայտանյութ։ Հավաքում են գումիլաք, բենզոային խեժ, հիլ, թմբուլ։ Գերակշռում է արհեստագործական-տնայնագործական արտադրությունը։ Փոքր քանակությամբ արդյունահանում են անագ, պղինձ, կապար, երկաթի և մանգանի հանքաքար, արծաթ, գունագեղ քարեր։ Կան մշակող արդյունաբերության մանր ձեռնարկություններ։ Զարգացած է արծաթե, փղոսկրե, ոսկյա, գունագեղ քարերից նրբակերտ իրերի գեղարվեստական արհեստագործությունը։ Երկաթուղի չկա։ Ավտոսայլային ճանապարհների երկարությունը 39.568[3] կմ է (2007), որի միայն 530 կմ է ասֆալտապատ[3]։ Օդանավակայան կա Վիենտյան, Լուանգպրաբանգ, Մավաննաքեթ քաղաքներում։ Լաոսի արտահանման և ներմուծման հարաբերությունը ½-ի է։ Լաոսը արտահանում է սուրճ, փայտ և անտառանյութ, անագի խտանյութ, հիլ, բենզոային խեժ, գումիլաք։ Ներմուծում է բրինձ, տեքստիլ ապրանքներ, նավթամթերքներ, տրանսպորտի միջոցներ։ Լաոսի դրամական միավորը կիպն է։

Մինչև XX դ. սկիզբը Լաոսի լուսավորության կենտրոններն էին բուդդայական տաճարները, որտեղ հոգևորականները ուսումնասիրում էին կրոնական կանոնադրությունը և ստանում ընդհանուր, տարրական գիտելիքներ։ Լաոսում աշխարհիկ կրթությունը մտցվել է ֆրանսիական տիրապետությունից հետո։ 1951 թվականին օրենք է ընդունվել 6—12 տարեկան երեխաների անվճար, պարտադիր, տարրական կրթության մասին։ Գործում է ուսուցման 10-ամյա համակարգ. 4-ամյա տարրական, 3-ամյա ոչ լրիվ միջնակարգ և 3-ամյա լրիվ միջնակարգ դպրոցներ։ Ուսուցումը տարվում է լաոսերենով։ Միջնակարգ մասնագիտական կրթություն են տալիս Ազգային մանկավարժական կենտրոնը Վիենտյանում, Մանկավարժական ուսումնարանը Սամնիայում, Տեխնիկական քոլեջը Վիենտյանում, բժշկական ուսումնարանները, գյուղատնտեսական դպրոցները Վիենտյանում և Սամնիայում։ Վիենտյանում են գտնվում Թագավորական գիտական ընկերությունը, որի խնդիրն է աջակցել ազգային գրականության և լեզվի զարգացմանը, Ազգային գրադարանը՝ ոչ մեծ գրքային ֆոնդով (հիմնական գրապահոցները տաճարներն են)։

Ճարտարապետություն և կերպարվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի հնագույն նմուշներից են Սափորների Հովտի գրանիտե վիթխարի «անոթները» (մ. թ. սկիզբ)։ Մ. թ. I հազարամյակի կեսի և II-ի սկզբի հուշարձաններից են Մավանակհեթի մոտ գտնվող սրբավայրերը (Ինգ-Ռանգ և այլն)։ Պահպանվել են Լուանգպրաբանգի Միենգ-Թհոնգ (1561), Վիենտյանի Ֆրա-Կեո (1565, վերականգնվել է 1938), Սիսակետ (1820) և այլ վանական համալիրները («վատեր»)՝ կազմված «բոտ» տաճարներից (հատակագծում ուղղանկյուն, սյունազարդ նախասրահներով և բազմաշերտ, կղմինդրե երկլանջ տանիքներով կառույցներ), «թհաթ» սրբավայրերից և այլ շենքերից։ Միջնադարյան կերպարվեստի հուշարձաններից են Բուդդայի քարե, փայտե և բրոնզե արձանները։ Անկախության հաստատումից հետո կառույցներում օգտագործվում են ժամանակակից և ազգային ավանդական ձևեր։ Ժողովրդական բնակարանը մնում է ցցագերանների վրա կառուցված երկլանջ տանիքով, հիմնակմախքային տունը։ Զարգանում են հաստոցային գեղանկարչությունը, գրաֆիկան, քանդակագործությունը։ Վերածնվում են քանդակազարդման, դեկորատիվ գեղանկարչության, ոստայնանկության, մետաղի մշակման ավանդույթները։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հնդկական և չինական ուժեղ ազդեցությանը, Լաոսի երաժշտությունը պահպանել է XII դ. սկզբնավորված ժողովրդական ավանդույթների ինքնատիպությունը։ Տարածված են միայնակ և խմբական երգեցողությունը, թափառական երգիչների իմպրովիզացիոն բնույթի բալլադները և քնարական զուգերգերը։ Երաժշտական գործիքներից են՝ խենը (կազմված է մի քանի բամբուկե փոքր խողովակներից), ֆլեյտան, երկլարանի ջութակը, թմբուկները, գոնգը, քսիլոֆոնը, կոնվոնը (կազմված է 16 փոքր գոնգերից)։ Այս գործիքները միասին կազմում են Լաոսի փոքր նվագախումբը, որտեղ մուտք են գործել նաև եվրոպական ջութակը և ակորդեոնը։ Լաոսի Ազգային նվագախմբում հիմնական դերը կատարում են գոնգերը։

Լաոսի թատրոնում զուգակցված են պարը, երաժշտությունը, մնջախաղը և դրաման։ Այն սկզբնավորվել է ժողովրդական աշխատանքային և ծիսական ներկայացումներից։ Թատրոնի ձևավորմանը ներազդել է բուդդայականությունը։ Դրամատիկական հիմնական նյութը քաղված է հնդկական «Ռամայանա» — «Մահաբհարաթա» էպոսից, ռոմանտիկական հեքիաթներից և այլն։ Դերասանները կրում են ճոխ զգեստներ և գունազարդ դիմակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Լաոսի Բնակչությունը 2015-ին». Արխիվացված է օրիգինալից 2016-03-20-ին. Վերցված է 2015-10-03-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Լասոի բնակչության ազգային կազմ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Լասոի բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 486