Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Տողի ազատագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տողի ազատագրում

Տողի համայնապատկերը (1991 հոկտեմբերի 30)
Թվական 1993
Վայր ԼՂՀ Հադրութի շրջան, ԼՂՀ
Պատճառ Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը
Արդյունք Հոկտեմբերի 30-ին Հայկական զորքերը ազատագրեցին Տող գյուղը
Հրամանատարներ
ԼՂՀ Արկադի Տեր-Թադևոսյան

1991 թվականին Տող գյուղում տեղակայված ադրբեջանական ՄՀՆՋ-ի գումարտակը վնասազերծելու և Տողի հայկական մասի պաշարումը վերացնելու գործողություն։ Տեղի է ունեցել 1991 թվականի հոկտեմբերի 30-ին։ Տող գյուղը Արցախյան ազատագրական պայքարի տարիներին ազատագրված առաջին բնակավայրն է, և շատ հաճախ համարվում է ազատագրական գործունեության սկիզբը։

Ադրբեջանի ղեկավարությունը Տողի ադրբեջանական մասում տեղակայել էր ՄՀՆՋ-ականների մի գումարտակ։ 1991 թվականի հոկտեմբերի 17-ի գիշերը Տողում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո (ադրբեջանական ՄՀՆՋ-ի մարտիկները ներխուժել էին Դանիելյանների բնակարանը և գնդակահարել ընտանիքի բոլոր 5 անդամներին, այդ թվումˋ 4 տարեկան երեխայի)։ Օրախնդիր է դարձել ՄՀՆՋ-ի գումարտակի չեզոքացումը։ Տողի ազատագրմանը (ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը) մասնակցել են գյուղի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատարˋ Վ. Գրիգորյան), նաև Ստեփանակերտի (հրամանատարˋ Վ. Բալայան), Հադրութի (հրամանատարˋ Ա. Աղաբեկյան) և ԱՀ մյուս շրջանների կամավորական ջոկատները։ Հետախուզական աշխատանքից (գլխավորել է Ա. Խաչատրյանը) և հակառակորդի տվյալները ճշտելուց հետո, հոկտեմբերի 30-ի ժամը 17։30-ին, սկսվել է Տողի ազատագրումը։ Հայ ազատամարտիկների կրակոցներից ավերվել է ՄՀՆՋ-ի զորանոցը և պայթել ռազմամթերքի պահեստը։ Անակնկալի եկած հակառակորդի զինվորներն առանց լուրջ դիմադրության լքել են դիրքերը և ադրբեջանցի բնակիչների հետ փախուստի դիմել։ Թվաքանակով և սպառազինությամբ գերազանցող հակառակորդի նկատմամբ առանց զոհերի և վիրավորների տարած հաղթանակը ոգևորել է Հադրութի շրջանի հայ բնակչությանը, իսկ Տողից ոչ հեռու գտնվող ադրբեջանաբնակ Սալաեյաթին գյուղի բնակիչները, իմանալով ՄՀՆՋ-ի փախուստի մասին, ինքնակամ հեռացել են գյուղից։ Տողի ազատագրումը մեծ ազդեցություն է ունեցել հատկապես Հադրութի շրջանում ազատագրական պայքարի հետագա ծավալման վրա և բարոյահոգեբանական բարենպաստ հող նախապատրաստել Սարինշենի ազատագրման համար։