Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Հորադիզի ռազմական գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հորադիզի ռազմական գործողություն,, 1993 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր, պաշտպանական հակահրաձակողական գործողություն՝ Հադրութի, Մարտունիի և Կենտրոնական պաշտպանական շրջանների (ՊՇ) զորամիավորումների կողմից՝ Զանգելանի և Հորադիզի կրակակետերի վնասազերծման նպատակով։

1993 թվականի հոկտեմբերի 7-ին ԵԱՀԽ պատվիրակությունը հակամարտող կողմերին է ներկայացրել տարածաշրջանում «անհապաղ միջոցառումների ժամանակացույցը», որում «հակամարտության մասնակից կողմեր» էին դիտվում ՀՀ, ԱՀ և ԼՂ։ Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևն իր անհամաձայնությունն է հայտնել այդ առաջարկություններին։ Միաժամանակ օգտվելով այդ առիթով հայտարարված զինադադարի (1993 թվականի հոկտեմբեր) ընձեռած հնարավորությունից՝ ադրբեջանական բանակը լրացուցիչ կուտակումներ է կատարել Ջաբրայիլի շրջանում։ Համալրվել է օտարերկրյա վարձկանների ջոկատներով, Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում ուսանած զինվորական կադրերով, Ուկրաինայից Ադրբեջան առաքված 40 տանկով և այլն։

Հոկտեմբերի 10-ի գիշերը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի սահմանամերձ դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել Ղարաբաղյան բանակի պաշտպանությունը և տիրել Հադրութի շրջանի ողջ հարավային տարածքին։ Հոկտեմբերի 17-ին ադրբեջանական զորամիավորումները հրետակոծել են ԼՂՀ սահմանի հյոաիսարևելյան հատվածի հայկական պաշտպանական դիրքերը՝ հիմնականում Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ, գիշերը՝ նաև Աղդամի և Ֆիզուլիի սահմանամերձ հայկական գյուղերը, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան հակառակորդը տանկերից և հետևակի մարտական մեքենաներից՝ Մարտունիի դիրքերը։ ԼՂՀ զորամիավորումները, հավատարիմ մնալով Փարիզում ձեռք բերած զինադադարի մասին երկկողմ համաձայնությանը, ձգտել են չենթարկվել սադրանքներին, ձեռնպահ մնալ պատասխան քայլերից, ավերին՝ ԼՂՀ ղեկավարությունը փորձել է համոզել Ադրբեջանի իշխանություններին շարունակել խաղաղ բանակցային գործընթացը։

Հոկտեմբերի 21-ին Ջաբրայիլի շրջանի Կույջակ գյուղի մոտակայքում կենտրոնացնելով մեծ քանակի կենդանի ուժ և զինտեխնիկա՝ հակառակորդը հարձակողական գործողություններ է սկսել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտու հարավային սահմանի ուղղությամբ։ Տևական մարտերից հետո թշնամու գերակշիռ ուժերին հաջողվել է գրավել ռազմավարական նշանակության չորս պահակակետ։ Մարտական գործողություններ են ընթացել նաև Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում։ Այդ ընթացքում Հորադիգի երկաթուղային հանգույցի շրջանում նկատվել է ծանր հրետանու և տանկերի կենտրոնացում՝ ղարաբաղյան պաշտպանությունը հարավում և հարավարևելքի ուղղություններում ճեղքելու և հայկական զորամիավորումները միմյանց կապող ճանապարհները կտրելու նպատակով։ Հոկտեմբերի 23-ի առավոտյան գործողության մեջ դնելով 8 տանկ, 10 զրահամեքենա. մեծաքանակ հրետանի և շուրջ 500 հետևակային՝ Ֆիզուլիի և Կուբաթլուի շրջանների տարածքներից հակառակորդը գրոհել է ղարաբաղյան դիրքերի վրա՝ փորձելով հանկարծակի հարվածներով ճնշել պաշտպանական ուժերի դիմադրությունը և ռազմաճակատի այդ հատվածում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամու առաջխաղացումը և անմիջապես անցել հակահարձակման։

Հոկտեմբերի 23-ին Հադրութի, Մարտունիի և Կենտրոնական ՊՇ-ների զորամիավորումները մի քանի ուղղություններով զարգացրել են հակագրոհը, ճնշել Հորադիգի տրանսպորտային հանգույցում և նրա շրջակայքում տեղակայված թշնամու հենակետերը, ոչնչացրել և գերեվարել թշնամու 100-ից ավերի զինվոր, վերցրել Տ-72 տեսակի երեք տանկ, 4 մարտական մեքենա, «Գրադ» համակարգի 4 հրթիռային կայանք, տասնյակ բեռնատար մեքենաներ և մեծ քանակությամբ զինամթերք։ Մարտերի ընթացքում զոհվել է 8 և վիրավորվել 4 ազատամարտիկ։ Գրավելով ադրբեջանական բանակի այս ռազմակայանը՝ ղարաբաղյան ուժերը Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների տարածքները մեկուսացրել են Ադրբեջանից։ Հարավային ուղղությամբ գործող Ադրբեջանի ազգային բանակի զորամասերը, փաստորեն, տեղի խաղաղ բնակչության հետ հայտնվել են շրջափակման մեջ, որը ղարաբաղյան ուժերի հետագա առաջխաղացման համար լուրջ դժվարություններ է առաջացրել։ Հոկտեմբերի 25-ի կեսօրին ՊԲ հրամանատարությունը միակողմանիորեն դադարեցրել է մարտական գործողությունները և նույն օրվա ժամը 17°°-ից մինչև հոկտեմբերի 26-ի ժամը 13°°-ը հնարավորություն է տվել խաղաղ բնակչությանը հեռանալ ռազմական գործողությունների շրջանից։ Հակառակ հայկական կողմի բարի կամքի նման դրսևորման՝ հակառակորդը Զանգելանի շրջանի տարածքից անընդհատ հրթիռակոծել է Հադրութի շրջանի խաղաղ բնակավայրերը՝ ցամաքային զինտեխնիկայից բացի, օգտագործելով նաև օդուժը։ Կրակի գծից ադրբեջանցի խաղաղ բնակչության մի մասի դուրսբերման ժամկետը լրանալուց հետո ղարաբաղյան ստորաբաժանումները, հարկադրված, հոկտեմբերի 26-ին վերսկսել են հարձակումը, ճնշել ադրբեջանական Խանլըղ բնակավայրի ռազմական հենակետը։ Հոկտեմբերի 27-ին ժամը 18°°-ից Իրանի Իսլամական Հանոսպետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կոչով ՊԲ հրամանատարությունը դարձյալ դադարեցրել է ռազմական գործողությունները՝ հնարավորություն ընձեռելով Զանգելանի շրջանի խաղաղ բնակչության մնացած մասին դուրս գալ մարտական գործողությունների տարածքից։ Հոկտեմբերի 28-ին ժամը 17°°-ին, հրետանային նախապատրաստությունից հետո, հակառակորդը մեծաքանակ ուժերով հարձակման է անցել Բոյուկ Բահմանլու բնակավայրերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերահաստատվել նախկին դիրքերում։ Քեփմբեյլիից Ալխանլի ձգվող ռազմագոտում ՊԲ-ի հրամանատարությունը զորքերի տեղաշարժ է կատարել և ստեղծել ամուր պաշտպանություն։ Տեղական մարտերից հետո ղարաբաղյան ուժերը սկզբում կասեցրել են հակառակորդի գերակշիռ ուժերի առաջխաղացումը, ապա ձեռնամուխ եղել վերացնելու հակառակորդի կրակակետերը։ Ադրբեջանական բանակի կազմավորումները, չդիմանալով ղարաբաղյան զինուժի շարունակական ճնշմանը, լքել են գրաված դիրքերը և Արաքս գետի ծանծաղուտներով հեռացել Իրանի տարածք։ Հոկտեմբերի 28-ին ՊԲ-ի մարտիկները մտել են սահմանամերձ Մինջևան երկաթուղային կայարան։ Նոյեմբերի 1-ի առավոտյան ղարաբաղյան զինուժի վերահսկողության տակ են անցել Զանգելան շրջկենտրոնը և հարակից բնակավայրերը։ Այս ռազմական գործողությամբ Ադրբեջանը կորցրել է վերահսկողությունը Հորադիզ երկաթուղային հանգույցից մինչև ՀՀ պետական սահմանը ձգվող տարածքի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։