Հայկ և Բել
Հայկ և Բել, առասպելաբանական հնագույն վեպ։ Պահպանվել է Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմություններում։
Առասպելը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր՝ Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում։Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։
Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ։ Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիոն համաստեղությունը հայոց մեջ կոչվել է Հայկ (Խեյք, Խեք)։ Ենթադրվում է, որ հայկական ամսանունները (հայոց հին տոմարով) Հայկի ուստրերի և դուստրերի անուններն են։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 166)։ |