Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Քվինտուս Էննիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվինտուս Էննիուս
լատին․՝ Ennius Quintus[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, մ. թ. ա. 239
ԾննդավայրRudiae, Լեչե[2]
Մահացել էհոկտեմբերի 8, մ. թ. ա. 169 (70 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն
ԳերեզմանTomb of the Scipios
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, գրող, Ancient Roman historian և annalist
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ անհայտ
 Quintus Ennius Վիքիպահեստում

Քվինտուս Էննիուս[3] (լատին․՝ Quintus Ennius; հուլիսի 16, մ. թ. ա. 239, Rudiae, Լեչե[2] - հոկտեմբերի 8, մ. թ. ա. 169, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), հին հռոմեացի պոետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննիուսը ծնվել է մ.թ.ա. 239 թվականին Ռուդիա քաղաքում[4]։ Ծագումով հույն էր։ Մ.թ.ա. 204 թվականին Մարկոս Պորկիոս Ավագը նրան Հռոմ է բերել Սարդինիայից, որտեղ նա զինվորական ծառայություն է անցել։ Մայրաքաղաքում Էննիուսը զբաղվել է մանկավարժությամբ և շուտով, իր գրական տաղանդի և մարդամոտ բնավորության շնորհիվ, արժանացել է բազմաթիվ նշանավոր հռոմեացիների համակրանքին, որոնք սկսել են այդ ժամանակ հասկանալ պոեզիայի ուժը։

Մ.թ.ա. 189 թվականին Մարկ Ֆուլվիյ Նոբիլիորը, մեկնելով Էտոլիա, իր հետ տարել է Էննիուսին, որպեսզի վերջինս հետագայում կարողանա գովերգել իր սխրագործությունները։ Էննի Քվինտուսը մ․թ․ա․ 184 թվականին որդու շնորհիվ ստացել է հռոմեական քաղաքացիություն։ Էննիուսը մահացել է մ.թ.ա. 169 թվականին՝ հոդատապից, քանի որ, ըստ Հորացիոսի վկայության, սիրում էր իր բանաստեղծական տաղանդը խրախուսել Վակխայի պարգևներով։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննիուսի բոլոր ստեղծագործությունները մեզ են հասել հատվածներով։ Երկրորդ Պունիկյան պատերազմի դարաշրջանը Էննիուսին ոգեշնչել է երգելու իրեն հյուրընկալած ժողովրդի փառահեղ սխրանքները։ Նրա փառքի գլխավոր հիմնաքարը այդ էպոպեան է, որը Էննիուսն անվանել է «Annales» (տարեգրություն. վաղ քերականագետները դրան տվել են «Romaïs» անվանումը)։ Ըստ երևույթին՝ Էննիուսը «Annales»-ի վրա աշխատել է իր կյանքի մեծ մասը, ինչը լուսաբանել է բազմիցս՝ լրացնելով ամեն հրատարակությունը նոր իրադարձություններով։ Ենթադրվում է, որ «Annales»-ը բաղկացած է եղել 18 գրքից՝ 1500-1800 բանաստեղծությամբ յուրաքանչյուրում, որոնք պատկերում էին հռոմեացիների պատմությունը՝ Էննիուսի՝ Իտալիա ժամանումից սկսած մինչև մ.թ.ա. 178-175 թվականները։ Մեզ հասել է ընդամենը 600 բանաստեղծություն, այդ պատճառով պոեմի գնահատականի, նրա ծավալի ու բովանդակության որոշման ժամանակ մենք պետք է հիմնվենք գլխավորապես հին գրողների վկայությունների վրա։  

Ըստ երևույթին՝ Էննիուսն իր աշխատանքի համար հավաքել է լայնածավալ նյութեր՝ հասարակական և մասնավոր տարեգրությունների, ընտանեկան ավանդույթների և այլնի տեսքով, և ցանկացել է ստեղծել գեղարվեստական էպոպեա, ինչպիսին Հոմերոսինն է[5]։ Այդ վերջինը հատկապես բացահայտվում է պոեմի նախաբանից, որտեղ Էննիուսը պատմում էր, որ երազում տեսել է Հոմերոսին, որտեղ նա Էննիուսին պատմել է տիեզերքի ու անդրաշխարհի գաղտնիքները, որ իր՝ Հոմերոսի հոգին, լինելով սիրամարգի մարմնում, հիմա տեղափոխվել է Էննիուսի մարմին։

Հոմերոսի հետ նմանությունն արտահայտվել է նրանով, որ Էննիուսը իր պոեմը գրել է հեկզամետրերով՝ առաջին անգամ այդ չափը մտցնելով հռոմեական գրականության մեջ։ Առաջին փորձերը ամենուր չեն հաջողվել, ինչը արտահայտվել է «Annales»-ի վերաբերյալ Մոմզենի խիստ կարծիքով։ Էննիուսը իր ուժերը փորձել է գրականության տարբեր ուղղություններում։ Պահանված 22 դրամաների հատվածներից պարզ է դառնում, որ ողբերգությունների սյուժեները նա առավելապես վերցրել է «Տրոյական պատերազմը» միֆից և մշակման ժամանակ ոգեշնչվել է նաև Եվրիպիդեսի ստեղծագործություններով, որի սկեպսիսը արձագանք է գտել նրա հոգում։

Էննիուսը ազատորեն է վերաբերվել հունական բնօրինակներին և, ըստ երևույթին, փորձել է դրանք հարմարեցնել հռոմեական բեմի պահանջներին։ Օրինակ՝ Եվրիպիդեսի «Իֆիգենիա» ստեղծագործությունից աղջիկների երգչախումբը Էննիուսը փոխարինել է զինվորական երգչախմբով։ Էննիուսի՝ հռոմեական կյանքի մասին պատմող ստեղծագործություններից պահպանվել է միայն մեկ պիես` «Սաբինացիների առևանգումը»։ Էննիուսի կատակերգություններից մնացել են ընդամենը երկուսը։ Տերենտիուսը նրան դասել է այն հեղինակների շարքին, որոնք իրենց ստեղծագործություններում համատեղել են մի քանի հունական բնօրինակների տեսարաններ։

Վերոնշյալ սիցիլիացի փիլիսոփայի հայացքների հետևորդը լինելով՝ Էննիուսը՝ իր «Epicharmus» դիդակտիկ բանաստեղծության մեջ ներկայացրել է նրա մատերիալիստական և բնափիլիսոփայական ուսմունքը։ Համանման ռացիոնալիստական ուղղությամբ է գրված նաև «Euhemerus — sacra historia» շարադրությունը, որը աստվածների ծագման մասին տեսակետներ է արտահայտում. այն պահպանվել է Լակտանտիոսի մշակումներում։ Այս փիլիսոփայության հումորային հավելումն է խոհանոցային կյանքի մասին դիդակտիկ «Անուշեղեն» («Hedyphagetica») պոեմը, որից պահպանված հատվածում թվարկված են տարբեր ձկնատեսակներ։ Էննիուսը գրել է նաև երգիծանքներ և էպիգրամաներ։ Վերջիններիս միջոցով նա հռոմեական գրականություն է ներմուծել դիստիկոնները։

Նրա ստեղծագործություններում գեղարվեստական ոճի պակաս է զգացվել, բայց նրա անվիճելի տաղանդը մեծ ազդեցություն է թողել հետագա բանաստեղծների (օրինակ՝ Վերգիլիոսի) վրա։ Էննիուսը բարձր գնահատականի է արժանացել հատկապես Վիտրուվիոսի և Ցիցերոնի կողմից։ Ավլուս Գելլիուսի վկայությամբ՝ դեռ 2-րդ դարում «Annales»-ից որոշ հատվածներ արդեն օգտագործվում էին հրապարակային ընթերցումների ժամանակ։

Քվինթիլիանուսը ասել է.

Մենք պետք է հարգենք Էննիուսին, ինչպես հարգում ենք հինավուրց սուրբ պուրակները, ահռելի բազմադարյա կաղնիները, որոնք ոչ այնքան գեղեցիկ են, որքան պատկառելի[6]։

Քվինտուս Էննիուսը թաղվել է Սցիպիոնների գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Энний Квинт (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  2. 2,0 2,1 2,2 А. М—н Энний, Квинт (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLа. — С. 848.
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4, էջ 59, «Քվինտուս Էննիուս» հոդված
  4. Smith (1852), p. 359. "Rudiae is celebrated as the birthplace of Ennius."
  5. Aicher (1989), pp. 22732.
  6. Most of this section is drawn from the 1911 edition of the Encyclopaedia Britannica

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Малеин А. И., Энний, Квинт // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինտուս Էննիուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 59