Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Սալտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալտա (այլ կիրառումներ)
Քաղաք
Սալտա
իսպ.՝ Ciudad de Salta
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՊրովինցիաՍալտա
ԴեպարտամենտՍալտա
ՀամայնքՍալտա
ՔաղաքապետՄիգել Իսա
Հիմնադրված է1582 թ.
Մակերես60 կմ²
ԲԾՄ1187 մ
Կլիմայի տեսակծովային մերձարևադարձային լեռնային
Բնակչություն535 303 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ387
Փոստային ինդեքսA4400
Փոստային դասիչA4400
Պաշտոնական կայքmunicipalidad-salta.gov.ar
Սալտա (Արգենտինա)##
Սալտա (Արգենտինա)

Սալտա (իսպ.՝ Salta), քաղաք Արգենտինայի հյուսիս-արևմուտքում։ Սալտա պրովինցիայի մայրաքաղաքն է և համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Բնակչությունը 535 050 մարդ (2010 թիվ)։ Ութերորդն է ըստ մեծության Արգենտինայի քաղաքների մեջ։ Նախկինում քաղաքն ուներ բավականին երկար անվանում. «Շատ ազնիվ և հավատարիմ քաղաք Սան Ֆելիպե Լերմա՝ Սալտայի հովտում» (Muy Noble y Leal Ciudad de San Felipe de Lerma en el Valle de Salta), որը կառավարիչ Էռնանդո դե Լերմայի մահվանից հետո վերանվանվեց Սան Ֆելիպե դե Սալտա (San Felipe de Salta)։ Ժամանակի ընթացքում անվանումը կրճատվեց և մնաց միայն Սալտան (Salta)։

Մինչ իսպանական գաղութացումը ժամանակակից Արգենտինայի հյուսիսը բնակվում էին հնդկացիական դիագիտա ցեղը, որոնք զբաղվում էին որսով, հավաքչությամբ և պարզագույն հողագործությամբ։ Դիագիտան առանձնանում էր բարձր ռազմատենչությամբ և կատաղի դիմադրություն ցուցաբերեցին ընդդեմ ինկերի ընդլայնմանը։ Իսպանացիներին, որոնք այստեղ հայտնվեցին XVI դարում, կրկին դիմավորեցին անբարյացկամ։ Հնդկացիների հերթական ապստամբությունից հետո, որոնք այրում էին ֆերմաները, փակում ցամաքային ուղիները Լիմայի և Ռիո դե լա Պլատայի միջև, հարկ եղավ 1576 թվականին փախարքայության անունից այդտեղ հիմնել քաղաք։ Այն միտված էր դառնալու հետագա գաղութացման հիմնասյունը և ապահովելու տրանպորտային կապը Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքի և հարավ-արևելքի միջև։

Էռնանդո դե Լեռմա

Սալտան հիմնադրվել է 1582 թվականի ապրիլի 16-ին իսպանացի կոնկիստադոր Էռնանդո դե Լերմայի կողմից։ Ըստ նրա ծրագրի, քաղաքը դառնալու էր ուղեկալ Լիմայի և Բուենոս Այրեսի միջև։ Փոքրիկ զինվորական բնակավայրը կարճ ժամանակամիջոցում վերածվեց ծաղկող քաղաքի, որին նպաստեցին երկու հանգամանք. առաջինը այն էր, որ ուներ բարենպաստ դիրք իսպանական երկու գլխավոր գաղութների միջև։ Իսկ երկրորդը Պոտոսի բնակավայրի մոտիկությունն էր, որն այն ժամանակ աշխարհի կարևորագույն տնտեսական կենտրոններից էր։ Բարձրլեռնային գլխավոր ճանապարհի հիմնական մասն անցնում էր Սալտայով։ Անկախության համար մղվող պատերազմում քաղաքը դարձավ ռազմավարական նշանակության կենտրոն Պերուի և Արգենտինայի միջև։ Հեղափոխության ժամանակ 1813 թվականին արգենտինյան բանակը, որը գտնվում էր Մանուել Բելգրանոյի հրամանատարության ներքո, հաղթեցին արքունի զորքերին Սալտայի համար մղվող պատերազմում։ (իսպ.՝ Batalla de Salta1816-1821 թվականներին քաղաքը կառավարել է տեղացի գեներալ Մարտին Միգել դե Գուեմեսը, որը գեներալ Խոսե դե Սան Մարտինայի հրամանատարության ներքո պաշտպանեց քաղաքը հյուսիսից հարձակվող իսպանացիներից։

Անկախության համար մղվող պատերազմից հետո և XIX դարի ընթացքում քաղաքը գտնվում էր ֆինանսական և քաղաքական անկման մեջ։ Վերածնունդը սկսվեց 1890 թվականին, երբ Սալտային մոտեցավ երկաթուղին։ XX դարի սկզբին աշխուժացավ առևտուրը այն բանից հետո, երբ այստեղ հայտնվեցին իտալացի, իսպանացի և արաբ (հիմնականում քրիստոնյա) ներգաղթյալները։ XX դարի կեսերից քաղաքն արդեն սկսեց ինտենսիվորեն զարգանալ և 1960 թվականին արդեն բնակչությունը կազմեց 115000 մարդ։

Աշխարհագրությունը և կլիման

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ընկած է Արգենտինայի հյուսիս-արևմուտքում, Անդերի արևելյան ստորոտներին, Լեռմայի հովտում, 1187 մ. բացարձակ բարձրության վրա։ Սալտայի կլիման լեռնային մերձարևադարձային է։ Տեղումներն անձրևի տեսքով են և հիմնականում թափվում են դեկտեմբեր-մարտ ամիսներին։ Շնորհիվ ծովի մակարդակից բարձր տեղադիրքի՝ այստեղ հիմնականում շոգ է, իսկ գիշերները՝ սառը։ Երբեմն գարնանը քաղաքը ծածկվում է ավազե փոթորիկներով։ Ընդհանուր առմամբ քաղաքի չոր և տաք կլիման նպաստավոր է մարդկանց ապրելու համար։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սալտա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 8,4 5,9 4,0 −1,5 −2,4 −6,5 −7,1 −6,6 −3,1 −0,7 1,5 6,2 −7,1
միջին առավելագույնը (°C) 27,4 26,1 24,8 22,6 21,0 19,1 20,2 22,3 23,5 26,4 27,4 27,8 24,1
միջին ջերմաստիճանը (°C) 21,2 20,1 18,9 16,2 13,3 10,1 10,1 12,3 15,0 18,7 20,3 21,2 16,5
միջին նվազագույնը (°C) 16,1 15,6 14,7 11,6 7,7 3,8 2,9 4,6 7,4 11,3 13,9 15,5 10,4
բացարձակ նվազագույնը (°C) 35,6 33,5 34,0 32,5 34,2 32,5 37,2 34,4 36,8 38,8 39,9 38,1 39,9
տեղումների քանակը (մմ) 182 163 118 37 9 3 4 4 7 26 65 138 755
Աղբյուր՝ Servicio Meteorologico Nacional

Բնակչությունը և տնտեսությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Արգենտինայի մարդահամարի և վիճակագրության ինստիտուտի տվյալների 2010 թվականին բնակչության թիվը կազմել է 535 303 մարդ[1]։

Քաղաքն հանդիսանում է խոշոր տրանսպորտային հանգույց և տարածաշրջանային տնտեսական կենտրոնը։ Սալտայում գործունեություն են ծավալում նավթավերամշակման, սննդի և թեթև արդյունաբերությունները։ Այն հանրաճանաչ զբոսաշրջային կենտրոն է։ Քաղաքից հարավ տարածված են Արգենտինայի գինեգործական շրջանները։

Քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք գտնվում է Մարտին Միգել դե Գուեմեսի անվան օդանավակայանը (IATASLA, ICAOSASA)։ Այստեղից կատարվում են ներքին և արտաքին թռիչքներ։ Ներքիններից կանոնավոր թռիչքներ դեպի Բուենոս Այրես, Կորդովա, Մենդոսա և Պուերտո Իգուասու։ Իսկ արտաքինից՝ միջազգային թռիչքներ դեպի Սանտյագո, Սանտա Կրուզ դե լա Սյերա և Ֆլորիանոպոլիս։ Օդանավակայանի ուղևորաշրջանառությունը կազմում է տարեկան 700000 մարդ։ Սալտան երկաթուղով կապված է Բուենոս Այրեսի հետ։ Նախկինում քաղաքների միջև երկաթուղային հաղորդակցությունը բավականին ակտիվ էր, սակայն, 1991 թվականին տեղի ունեցած մասնավորեցումից հետո, դերը կտրուկ նվազեց և հանգեցրեց փաստացի կազմալուծման։ Բոլոր ջանքերը, որոնք միտված են վերականգնել մարդատար ուղևորափոխադրումները, ապարդյուն են։ Միուղի երկաթուղային ճանապարհը(աշխարհում ամենաբարձրադիրներից մեկը) Սալտան կապում է Չիլիի Անտոֆագաստա նավահանգստի հետ, որն անցնում է Անդերով, Պունա դե Ատակամայով և Ատակամա անապատով։ Հիմնականում երկաթուղին օգտագործվում է օգտակար հանածոներ տեղափոխելու նպատակով, բայցևայնպես, այն ունի նաև զբոսաշրջային նշանակություն. Գնացք ամպերում (իսպ.՝ Tren a las Nubes

Քաղաքային ավտոբուս

Սալտայով են անցնում ազգային №9 մայրուղին (Բուենոս Այրես-Լա Կյակա), №16 (Կորրիենտես-Սալտա), №23 (Սալտա-Կալամա) և №51 (Սալտա-Անտոֆագաստա)։

Հիմնական տրանսպորտային միջոցը համարվում է քաղաքային և արվարձանային հասարակական ավտոբուսները։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութացման շրջանի շինությունների և բնական հուշարձանների մեծ թվաքանակի պատճառով քաղաքը ոչ պաշտոնապես անվանում են Սալտա լա Լինդա (Salta la Linda — «Հիասքանչ Սալտա»)։ XVII—XVIII դարերի պատմական հուշարձանների շարքում առանձնանում են կաբիլդոն, նորդասական ոճի տաճարը և «Հուլիսի 9-ի» կենտրոնական հրապարակը։

Սալտայի մայր տաճարը

Քաղաքի թանգարաններում ցուցադրված են մինչկոլումբոսյան շրջանի բնիկների պաշտամունքային առարկաները, ինչպես նաև կոնկիստների վերաբերյալ գաղութացման շրջանի ցուցանմուշները։ Սալտայում կա նաև Ռիչարդ Մաուրիի անվան համալսարանը իսպ.՝ Universidad Nacional de Salta, որը հիմնադրվել է 1972 թվականին։

Սուրբ Ֆրանցիսկոսի մենաստանը

Քաղաքն համարվում է երկաթուղային տուրիստական երթուղու վերջնակետը. այն է Տրեն դե լա Նուբես (Tren de las Nubes — «երկաթուղի երկնքում»), որն հասնում է մինչև Չիլի և մյուս տեսարժան վայրերը։ Սալտայում անցկացնում են ամենամյա ապրիլյան փառատոն, որը ձգվում է ամբողջ մի ամիս։ Այդ ընթացքում անցկացվում են զանազան մշակութային միձոցառումներ՝ ելույթներ, համերգներ, ինչպես նաև սննդի և արհեստների ցուցահանդեսներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արգենտինայի մարդահամարի և վիճակագրության ինստիտուտի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալտա» հոդվածին։