Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Հայաստանի ջրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ջրագրական քարտեզ

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։ Հայաստանի մակերեսային ջրերի տարածքը կազմում է 7.7 միլիարդ մ2, ինչպես նաև 940 մ2 սահմանային ջրերը[1]։

ՀՀ գետերը պատկանում Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6%-ը)ավազաններին։ Հանրապետությունում կա 9480 գետ և գետակ, որից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26-100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարությամբ։ Գետային ցանցի միջին խտությունը 0,31 կմ/կմ 2 է։

Հայաստանում կան 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։)

Ջրագր․ ցանցն առավել խիտ է ծալքաբեկորային լեռների շրջանում, նոսր՝ հրաբխային բարձրավանդակում։ Գետերի սնումը խառն է՝ ստորգետնյա, հալոցքային և անձրևային։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորգետնյա ջրերն են (30-50%)։ Գետերի ջրերի տարեկան միջին ծախսը մոտ 220 մ 3/վրկ է։ Առավել ջրառատ են Ձորագետ, Աղստև, Մարմարիկ, Վարդենիս, Արգիճի, Որոտան, Ողջի գետերի վերին հոսանքները։ Մեծամորից բացի մյուս գետերի ռեժիմը սեզոնային ու անհավասարաչափ է։ Հորդացումներ լինում են ապրիլ-հունիսին և աշնանը։ Գետերի մեծ մասը լեռնային բնույթի է։ Որոշ գետեր հովտի տարբեր մասերում ունեն հարթավայրային բնույթ (Դեբեդ, Աղստև, Ազատ և այլն)։ Գետաջրերը հիդրոկարբոնատային են (թույլ ու միջին հանքայնացմամբ)։ Սևանա լճի և Մեծամոր գետի ջրերի աղիությունը համապատասխանաբար 700-725 մգ/լ և 500-520 մգ/լ է։ Գետաջրերի մեջ լուծված նյութերի տարեկան հոսքը 1,3 միլիոն տ է (0,4 միլիոն տ՝ Կուրի, 0,9 միլիոն տ Արաքսի ավազանում), կախութային նյութերինը՝ 2 միլիոն տ (0,8 միլիոն տ՝ Կուրի, 1,2 միլիոն տ Արաքսի ավազանում)։

Դեբեդ գետն Ալավերդի քաղաքում

ՀՀ խոշոր գետը Արաքսն է, որը հոսում է հանրապետության հետ Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանին են պատկանում Ախուրյան, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Մեղրի, Ծավ, Մալև, Շվանիձոր և այլ գետեր՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում տեղական, բայց ուրույն նշանակություն ունեն Սևանա լիճը և դրա մեջ թափվող գետերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։ Կուրի ավազանին են պատկանում Դեբեդը (Փամբակ ու Ձորագետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը և այլն։

ՀՀ տարածքի ավելի քան կեսին բնորոշ են սելավները, որոնք առաջանում են գարնանը, ամռանն ու աշնանը, երբ մթնոլորտային տեղումները թափվում են տեղատարափ անձրևների ձևով։ Առավել սելավաբեր են Սևանա լճի արլ․ ավազանի, Փամբակ, Դեբեդ, Ողջի ու Մեղրի գետերի ավազանները, Մաստարայի, Գետառի, Ջրվեժի, Չորսելավի, Ողջաբերդի սելավները։

ՀՀ և Կովկասի ամենախոշոր լիճը Սևանն է։ Մնացած լճերը՝ Քարի, Լեսինգ, Ամբերդ (Արագածում), Ակնա, Զեյնալ, Արնոտ և այլն (Գեղամա լեռնաշղթայում), Գազանա, Կապուտան ևն (Զանգեզուրի լեռներում), Ալ, Սև և այլն (Սյունիքի բարձրավանդակում) փոքր են և մեծ մասամբ գտնվում են բարձրլեռնային գոտում, որտեղ բարձր լեռնագագաթների վրա (Աժդահակ, Արմաղան և այլն) կան նաև խառնարանային լճեր։ ՀՀ հս-արմ․ մասում, Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, Տավուշի մարզում, մոտ 1350 մ բարձր․ վրա՝ Պարզ լիճը, Արարատյան գոգավորությունում՝ Մեծամորը։ ՀՀ ընդերքը հարուստ է անուշահամ արտեզյան ջրերի ավազաններով։

Ազատ գետը

Հայաստանի տարածքում կան մոտ 9480 մեծ ու փոքր գետեր՝ ընդհանուր 23 հազար կմ երկարությամբ, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն։ Հայաստանում ստորգետնյա ծագում ունեն Մեծամոր, Շաքի, Լիճք, իսկ մակերեսային ծագում՝ Դեբեդ, Աղստև, Հախում, Մեղրի և Ողջի գետերը։

Հայաստանի գետերը հանդիսանում են Կովկասի խոշոր գետերի՝ Արաքսի և Կուրի վտակները։ Հայաստանի տարածքում ամենամեծ գետը Արաքսն է, որը հոսում է Հայաստանի և Թուրքիայի ու Իրանի սահմանով։ Նրա վտակներն են Ախուրյան, Քասախ, Հրազդան, Ազատ, Արփա, Որոտան և Ողջի գետերը։ Հյուսիս-արևելյան մասի խոշոր գետերից են Դեբեդը և Աղստևը, առավել փոքր՝ Ձորագետը և Փամբակը։

Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի 50 կմ-ից ավելի երկարություն ունեցող գետերը.

Գետը Երկարությունը Հայաստանում (կմ)
Ախուրյան 186
Որոտան 119
Արաքս 158
Հրազդան գետ 141
Արփա 126
Աղստև 99
Դեբեդ 152
Քասախ 89
Ողջի 88
Փամբակ 86
Ձորագետ 71
Գետիկ 58
Վեդի 58
Ազատ 56
Արգիճի 51
Սևանա լիճը

Հայաստանի տարածքում կան ավելի քան 100 լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Մեծության և տնտեսական առումով առավել մեծ նշանակություն ունեն Արփի և Սևանա լճերը։ Մնացած լճերը ունեն տեղային նշանակություն։ Հայաստանի ամենամեծ լիճը հանդիսանում է Սևանը, հետո՝ Արփի լիճը, Սև լիճը և Ակնա լիճը։ Հայաստանի լճերի ընդհանուր ջրային պաշարները գնահատվում են 39,8 միլիոն մ3։

Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի համեմատաբար մեծ լճերը.

Լիճը Մարզը Տարածքը (կմ²)
Սևանա լիճ Գեղարքունիք 1 243
Արփի լիճ Շիրակ 22
Սև լիճ Սյունիք 2
Քարի լիճ Արագածոտն 0,12
Այղր լիճ Արմավիր -
Լեսինգ (լիճ) Արագածոտն -
Պարզ լիճ Տավուշ -
Ազատի ջրամբար

Հայաստանում կա 74 ջրամբար՝ 988 միլիոն մ3 ընդհանուր ծավալով։ Կառուցվում են ևս 13-ը։ Հայաստանի տարածքում ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն մ3 մակերեսով։ Այս ջրամբարները օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նշանակություններով[2]։

Ստորգետնյա ջրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ստորգետնյա ջրերի պաշարները գնահատվում են 4.017 միլիարդ մ3 և բաշխված են անհամաչափ։ Մոտ 70%-ը հոսում է դեպի Արարատյան դաշտ, որի ջրային պաշարները գտնվում են 40-300 մ խորության վրա։ Հայաստանում ստորգետնյա ջրերը մեծ նշանակություն ունեն ջրային հավասարակշռության մեջ։ Խմելու ջրի 96%-ը օգտագործվում է ստորգետնյա ջրերից։ Տարեկան օգտագործվում են մոտ 3 միլիարդ մ2 ստորգետնյա ջուր, որից 1,6 միլիարդ մ2-ը աղբյուրների, 1,4 միլիարդ մ2-ը՝ գետերի և լճերի կողմից։

Հայաստանի տարածքում կան մոտ 8000 աղբյուրներ[3]։

Քասախի ջրվեժը

Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի մեծ ջրվեժները և դրանց բարձրությունները.

Ջրվեժ Գետ Բարձրություն (մ) Մարզ
Քասախի ջրվեժ Քասախ 70 Արագածոտնի մարզ
Ջերմուկի ջրվեժ Ջերմուկ 68 Վայոց ձորի մարզ
Թռչկանի ջրվեժ Չիչխան 25,5 Լոռու մարզ
Շաքիի ջրվեժ Շաքի 18 Սյունիքի մարզ
Ծավի ջրվեժ Ծավ 15 Սյունիքի մարզ
Շիկահողի ջրվեժ Շիկահող 10 Սյունիքի մարզ[4]
Խոսրովի ջրվեժ Գողթ 8 Կոտայքի մարզ
Լալվարի ջրվեժ Լալվար 8 Լոռու մարզ
Գեղարոտի ջրվեժ Գեղարոտ 6 Արագածոտնի մարզ
Որոտանի ջրվեժ Որոտան 6 Սյունիքի մարզ
Գերգերի ջրվեժ Գերգեր 6 Վայոց ձորի մարզ
Ամասիաի ջրվեժ Ամասիա 6 Շիրակի մարզ
Մանթաշի ջրվեժ Մանթաշ 5 Շիրակի մարզ

Արաքս գետի հովտում կան մեծ քանակությամբ ճահճային գոյացումներ։ Հայկական կողմում հայտնի է Խոր Վիրապի ճահիճը, որը գտնվում է Արաքս գետի հին հունի տեղում, ինչպես նաև Մեծամոր ճահճային գոյացությոնների համակարգը, որի մեջ մտնում են Այղր լիճը, Սևջուր գետը և մոտակա ճահիճները[5]։

Հայաստանի տարածքում ճահիճներ հանդիպում են նաև Մասրիկի հովտում, Սևանի թերակղզու մոտ[6], և Խոր Վիրապի մոտակայքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.oecd.org/dataoecd/36/55/40637430.pdf
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. Armenian Soviet Socialist Republic definition of Armenian Soviet Socialist Republic in the Free Online Encyclopedia
  4. «Shikahogh Reserve». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. http://www.unece.org/env/documents/2011/wat/WG2/unofficial%20translation/ECE_MP_WAT_WG2_2011_12_CaspianAssessment_RUS.doc(չաշխատող հղում)
  6. Wikimapia — Let’s describe the whole world!