Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Մայրական կաթի բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայրական կաթի բանկ, կրծքի կաթի բանկ կամ լակտարիում, ծառայություն, որ հավաքում, զննում, մշակում, պաստերիզացնում և դեղատոմսով տրամադրում է մայրական կաթ։ Կաթը նվիրաբերում են կերակրող մայրերը, որոնք կենսաբանորեն կապված չեն այն ստացող նորածնի հետ։ Նորածինների համար օպտիմալ սնունդը կրծքի կաթն է կյանքի առնվազն առաջին վեց ամիսների ընթացքում[1]։ Կանանց համար, ովքեր չեն կարողանում կրծքով կերակրել կամ բավարար քանակությամբ կաթ արտադրել, դոնորի պաստերիզացված կրծքի կաթը կարող է կերակրման համար արդյունավետ մոտեցում լինել[2]։ Երեխայի մորից բացի այլ կնոջ կողմից տրվող կրծքի կաթը, որը պաստերիզացված չէ, և մեկ կնոջ՝ տարբեր երեխաների կերակրելը կապված է բակտերիաների և վիրուսների փոխանցման վտանգի հետ դոնոր մորից երեխային և չի համարվում անվտանգ այլընտրանք[2][3]։ Եթե դոնորի պաստերիզացված կրծքի կաթը հասանելի չէ, ապա որպես երկրորդ այլընտրանք առաջարկվում են վաճառվող կաթնախառնուրդներ[2]։

Մայրական կաթի բանկերը կարող են լուծում առաջարկել այն մայրերին, որոնք չեն կարող իրենց սեփական կրծքի կաթով կերակրել իրենց երեխային, այնպիսի պատճառներով, ինչպիսիք են, օրինակ, երեխայի հիվանդություններից և վարակներից կերակրող մոր վարակվելու վտանգը[4] կամ երբ երեխան ծնվելուց հետո հոսպիտալացվել է շատ ցածր քաշի պատճառով (և հետևաբար վտանգված է այնպիսի պայմանների համար, ինչպիսին է նեկրոտիկ էնտերոկոլիտը), և մայրը հիվանդանոցից հեռու լինելու պատճառով չի կարող կերակրել[5]։

Միջազգային կաթի բանկային նախաձեռնությունը (IMBI) հիմնադրվել է HMBANA միջազգային կոնգրեսում 2005 թվականին։ Այն ընդգրկում է կաթի բանկերի ծրագրերով 33 երկիր[6]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ կենսաբանական մորը կրծքով կերակրել չկարողանալու առաջին այլընտրանքը մարդու կաթի օգտագործումն է այլ աղբյուրներից[7]։

Մայրական կաթ սպառողների առաջնային և ամենամեծ խումբը վաղաժամ ծնված երեխաներն են։ Ստամոքս-աղիքային կամ նյութափոխանակության խանգարումներ ունեցող երեխաները նույնպես կարող են օգտագործել կաթի այս ձևը։ Կրծքի կաթով կարող են սնվել նաև այն նորածինները և երեխաները, որոնք ստանում են քիմիաթերապիա կամ ունեն զարգացման խնդիրներ։

Կրծքի կաթով շշեր. Կաթը պետք է տեղափոխվի պարկերի մեջ և սառեցվի պահպանման համար:
Կրծքի կաթի սառեցված պարկեր:

Կրծքի կաթի նվիրատվության առաջին հիշատակությունները վերաբերում են ստնտու մոր պրակտիկային[8]։ Առաջին գրառումը հայտնաբերվել է Համուրաբիի Բաբելոնյան օրենսգրքում (մ.թ.ա. 1800)[8]: Այս կանոնակարգերը առաջնորդվում էին այն վաղեմի համոզմունքով, որ նորածինները ստնտուի հատկությունները ժառանգում են նրա կրծքի կաթի միջոցով[8]։ 11-րդ դարի եվրոպական մշակույթում կրծքով կերակրումը համարվել է անպարկեշտ, ինչը հանգեցրել է նրան, որ ստնտուի միջոցով կերակրելը դարձել է սովորական պրակտիկա Եվրոպայի թագավորական ընտանիքների և արիստոկրատիայի շրջանում[8]։ Ստնտուների շրջանում անառողջ ապրելակերպի հետ կապված մտահոգությունների պատճառով դայակների միջոցով կերակրման պրակտիկան անկում է ապրել 18-րդ դարի վերջին[8]։ Հետևաբար, բժշկական հանրությունը սկսել է ուսումնասիրել նորածինների վրա այլընտրանքային սնուցման ազդեցությունը։ Վիեննայի համալսարանից Թեոդոր Էշերիխը 1902-1911 թվականներին ուսումնասիրություններ է անցկացրել՝ ուսումնասիրելով սնուցման տարբեր աղբյուրները և դրանց ազդեցությունը նորածինների վրա։ Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կրծքով կերակրվող նորածնի աղիքային բակտերիաները զգալիորեն տարբերվում են այլ միջոցներով սնվող նորածինների համեմատ[8]։ 1909 թվականին Էշերիխը բացել է մայրական կաթի առաջին բանկը[9]։ Հաջորդ տարի բացվել է Միացյալ Նահանգների մայրական կաթի առաջին բանկը Բոստոնի լողացող հիվանդանոցում (անգլ.՝ Floating Hospital for Children)[10]։

1960-ականներին նկատվել է կաթի մատակարարման անկում նորածինների խնամքի և մանկական կաթնախառնուրդների որակի առաջընթացների պատճառով[10]։ Չնայած այս նոր ձեռքբերումներին, 1980 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը պահպանել են իրենց դիրքորոշումը, որ դոնորային կրծքի կաթը մոր կրծքի կաթի լավագույն այլընտրանքն է[8]։ ՄԻԱՎ-ի համաճարակի հետ մեկտեղ կաթի բանկային պրակտիկան էլ ավելի անկում է ապրել։ Խիստ զննման անհրաժեշտությունը բարձրացրել է կաթի բանկերի շահագործման արժեքը՝ ստիպելով նրանց փակվել[10]։

Սակայն այսօր բարելավված զննման մեթոդները և ընթացակարգի ստանդարտացումը նվիրաբերված կաթը դարձրել են մոր կրծքի կաթին կենսունակ այլընտրանք։ Կրծքի կաթը պաստերիզացնելու և մինչև 8 ամիս պահելու հնարավորությունը նշանակում է, որ կաթի բանկը կարող է դառնալ համաշխարհային ձեռնարկություն[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «World Health Organization; Exclusive breastfeeding». Who.int. 2021. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 Pound, Catherine; Unger, Sharon; Blair, Becky (2020 թ․ դեկտեմբեր). «Pasteurized and unpasteurized donor human milk». Paediatrics & Child Health. 25 (8): 549–550. doi:10.1093/pch/pxaa118. ISSN 1205-7088. PMC 7739531. PMID 33365109.
  3. Society, Canadian Paediatric. «Pasteurized and unpasteurized donor human milk | Canadian Paediatric Society». cps.ca (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  4. «When Not to Breastfeed: Safety Issues for You and Baby». Արխիվացված է օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2024-06-27-ին.
  5. «WHO | Feeding of low-birth-weight infants in low- and middle-income countries». WHO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  6. «IMBI». www.internationalmilkbanking.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  7. Carr, Tim. «Milk Banks | Amazing Breast Milk» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Moro, Guido E. (2018 թ․ ապրիլ). «History of Milk Banking: From Origin to Present Time». Breastfeeding Medicine. 13 (S1): S–16–S–17. doi:10.1089/bfm.2018.29077.gem. ISSN 1556-8253. PMID 29624424.
  9. Jones, Frances (2003 թ․ օգոստոս). «History of North American Donor Milk Banking: One Hundred Years of Progress». Journal of Human Lactation. 19 (3): 313–318. doi:10.1177/0890334403255857. ISSN 0890-3344. PMID 12931784. S2CID 25626354.
  10. 10,0 10,1 10,2 Haiden, Nadja; Ziegler, Ekhard E. (2016). «Human Milk Banking». Annals of Nutrition and Metabolism (անգլերեն). 69 (2): 8–15. doi:10.1159/000452821. ISSN 0250-6807. PMID 28103607.
  11. de Waard, Marita; Mank, Elise; van Dijk, Karin; Schoonderwoerd, Anne; van Goudoever, Johannes B. (2018 թ․ մարտ). «Holder-Pasteurized Human Donor Milk: How Long Can It Be Preserved?». Journal of Pediatric Gastroenterology and Nutrition. 66 (3): 479–483. doi:10.1097/MPG.0000000000001782. ISSN 1536-4801. PMID 29019853.