Մայքլ Քոլինզ
Մայքլ Քոլինզ | |
Կուսակցություն՝ | Շինֆեյներներ |
---|---|
Կրթություն՝ | Լոնդոնի թագավորական քոլեջ և The Dickson Poon School of Law? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա և պետական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 16, 1890[1][2] |
Ծննդավայր | Clonakilty, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | օգոստոսի 22, 1922[3][1][2][…] (31 տարեկան) |
Վախճանի վայր | Bandon, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Թաղված | Գլասնևին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Իռլանդական Հանրապետություն |
Ինքնագիր | |
Մայքլ Քոլինզ (անգլ.՝ Michael Collins, իռլանդերեն՝ Mícheál Ó Coileáin, հոկտեմբերի 16, 1890[1][2], Clonakilty, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 22, 1922[3][1][2][…], Bandon, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի հեղափոխական, ռազմական և քաղաքական գործիչ, 20-րդ դարասկզբի իռլանդական ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Քոլինզը ծնվել է 1890 թվականի հոկտեմբերի 16-ին, Իռլանդիայի հարավում՝ Քորկի կոմսության Վուդֆիլդ կոչվող ագարակում։ Ընտանիքում ութ երեխաներից ամենակրտսերն էր։ Հայրը՝ Մայքլ Ջոն Քոլինզը, ֆերմեր էր և երիտասարդ ժամանակ հարել է «Իռլանդիայի հանրապետական եղբայրություն» (ֆենիներ) հեղափոխական շարժմանը։ Մայրը՝ Մերի Աննա Օ'Բրայենը, ամուսնուց 37 տարի ավելի երիտասարդ էր։ Քոլինզը վեց տարեկան էր, երբ մահացավ իր հայրը։ Դեռևս պատանության ժամանակ Քոլինզը ոգեշնվչել է հայրենասիրական գաղափարներով։
Տասներեք տարեկան հասակում Քոլինզը սկսել է ուսումնառությունը Քլոնաքիլթիի ազգային դպրոցում։ 1906 թվականի փետրվարին հանձնել է Բրիտանական քաղաքացիական ծառայության քննությունը և տեղափոխվել Լոնդոն, որտեղ բնակվում էր քրոջ տանը և աշխատում էր բանկում որպես կրտսեր կլերկ։ 1910 թվականին գործի է անցել բորսային մի ընկերությունում։ Միառժամանակ իրավագիտություն է սովորել Լոնդոնի թագավորական քոլեջում, սակայն ուսումն անավարտ է թողել։ 19 տարեկան հասակում մտել է Իռլանդական հանրապետական եղբայրության շարքերը։ 1915 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, իսկ հաջորդ տարի վերադարձել է Իռլանդիա և գործի անցել Դուբլինի հաշվապահական ընկերություններից մեկում։
Հեղափոխական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլինզը մասնակցել է 1916 թվականի իռլանդական ապստամբությանը, որի ճնշումից հետո ձերբակալվել է բրիտանական իշխանությունների կողմից։ Քոլինզն առանձնացվել է լրացուցիչ հարցաքննության համար և կարող էր ենթարկվել մահապատժի, սակայն պատահականությամբ տեղափոխվել է այլ ներկալման ճամբար՝ Ուելսի Ֆրոնգոխ գյուղի մոտ, և փրկվել։ 1916-ի ապստամբության կազմակերպիչների մահապատժի հետևանքով առաջացած ղեկավարության բացակայության պայմաններում Քոլինզը հանդես է եկել որպես իռլանդական ազգային շարժման առաջատար դեմքերից մեկը։ Բանտարկության ժամանակ շարունակել է կազմակերպչական գործունեությունը։ 1916 թվականի դեկտեմբերին ազատ է արձակվել Ֆրոնգոխի ներկալման ճամբարում պահվող մյուս անձանց հետ միասին։
Ազատվելուց հետո Քոլինզը դարձել է անկախության շարժման առաջատար դեմքերից մեկը և համագործակցել Արթուր Գրիֆիթի հետ, որը «Միացյալ Իռլանդացին» (անգլ՝ The United Irishman) հայտնի ազգայնական թերթի գլխավոր խմբագիրն ու հրատարակիչն էր։ Գրիֆիթի «Շին Ֆեյն» (իռլանդերեն նշանակում է «Մենք ինքներս») կուսակցությունը հիմնադրվել էր 1905 թվականին՝ իռլանդական ազգայնական շարժման բոլոր խմբավորումները մեկ հովանու ներքո միավորելու նպատակով։ Չնայած Քոլինզի և Գրիֆիթի միջև որոշ տարաձայնությունների (Քոլինզը չէր ընդունում Գրիֆիթի՝ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերություններն Ավստրո-Հունգարիայի օրինակով կարգավորելու գաղափարը)՝ «Շինն Ֆեյն» կազմակերպությունն ընդունեց Քոլինզի և իր համակիրների ծրագիրը՝ զինված դիմադրության միջոցով նվաճելու Իռլանդիայի անկախությունը։ 1917 հոկտեմբերին Քոլինզն ընտրվել է «Շինն Ֆեյնի» գործադիր մարմնի անդամ և «Իռլանդացի կամավորներ» զինված խմբավորման տնօրենը։
1918 թվականի համընդհանուր ընտրություններում «Շին Ֆեյնը» հաղթել է Իռլանդիայի ընտրատարածքների մեծ մասում։ Քոլինզը ընտրվել է Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ՝ Հարավային Քորկ ընտրատարածքից։ Սակայն Քոլինզը և «Շինն Ֆեյնից» ընտրված մյուս պատգամավորները չեն մեկնել Վեստմինսթեր իրենց մանդատներն ընկալելու համար, այլ հայտարարել են, որ Դուբլինում կձևավորեն Իռլանդիայի խորհրդարան։ Այս խորհրդարանի առաջին նիստից առաջ ձերբակալվել են «Շին Ֆեյնի» մի շարք ղեկավարներ, բայց Քոլինզին հաջողվել է ծպտվելով խուսափել ձերբակալումից։
Նոր հռչակված խորհրդարանը, որը կոչվում է «Իռկանդիայի ժողով» (իռլանդերեն՝ Dáil Éireann, Դոյլ Էրեն), գումարվել է Դուբլինում 1919 թվականի հունվարին։ Քոլինզը նշանակվել է ֆինանսների նախարարի պաշտոնին Իմոն դե Վալերայի կառավարությունում։
Անկախության պատերազմ և Անգլո-իռլանդական պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի հունվարի 21-ին Իռլանդիայի ժողովի առաջին գումարմամբ փաստացի սկսվել է Իռլանդիայի անկախության պատերազմը։ Իռլանդական հանրապետական բանակը (ԻՀԲ), որը ձևավորվել էր «Իռլանդացի կամավորներ» խմբավորման հիման վրա, ճանաչվեց Իռլանդիայի ժողովի կողմից իբրև նոր հռչակված Իռլանդիայի Հանրապետության բանակ։ Քոլինզը նշանակվեց ԻՀԲ-ի հետախուզության տնօրենի պաշտոնին և նշանավոր դեր կատարեց բանակի կազմակերպման, զենքի մատակարարման գործում։ Ռազմավարական հարցերում Քոլինզը կողմնակից էր պարտիզանական պատերազմի։ Քոլինզի նախաձեռնությամբ ստեղծվեց հատուկ ջոկատ բրիտանական գործակալներին և մատնիչներին վերացնելու առաջադրանքով։ Պատերազմի ընթացքում բրիտանացիները մի քանի անգամ անհաջողությամբ փորձեցին Քոլինզին գերի վերցնել։
1921 թվականին հուլիսի 11-ին Մեծ Բրիտանիան և Իռլանդիան զինադադար կնքեցին, ինչով ավարտվեց անկախության պատերազմը։ Այսուհետև սկսեցին բանակցություններն Իռլանդիայի ապագա կարգավիճակի հարցի շուրջ։ Իռլանդիայի խորհրդարանը լիազորեց Քոլինզին և չորս այլ պատվիրակների՝ բրիտանացիների հետ բանակցել և հաշտության պայմանագիր կնքել։ 1921 թվականի դեկտեմբերի 6-ին բանակցությունների արդյունքում կքվել է Անգլո-իռլանդական պայմանագիրը, համաձայն որի Իռլանդիան (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի) վերանվանվում էր Իռլանդական Ազատ Պետություն և ստանում էր դոմինիոնի կարգավիճակ (ինչպիսին այն ժամանակ ունեին Կանադան, Ավստրալիան և այլն)։ Բրիտանական զորքերը հեռանալու էին Իռլանդիայից, որն ունենալու էր սեփական բանակ, խորհրդարան, կառավարություն և անկախ դատական համակարգ, թեպետ պետության գլուխը լինելու էր Մեծ Բրիտանիայի թագավորն՝ իր ներկայացուցչի (նահանգապետ կամ փոխարքա) միջոցով։
Պայմանագրի կնքմանը հետևեցին սուր քննադատություններ Քոլինզի հասցեին։ Խորհրդարանի նախագահ Իմոն դե Վալերան առարկեց, որ պայմանգիրը ստորագրվել էր առանց կառավարության հավանության, որ այն չէր ապահովում էր ոչ Իռլանդիայի լիակատար անկախություն, ոչ էլ նրա ամբողջականությունը։ Ողջ իռլանդական ազգային շարժումը, ներառյալ բանակը, բաժանվեց պայմանագրին կողմ և պայմանագրին դեմ հանդես եկող ճամբարների։ 1922 թվականի հունվարի 7-ին, տասն օր տևող բուռն վեճերից հետո, Իռլանդիայի խորհրդարանը վավերացրել է պայմանագիրը՝ 64 կողմ, 57 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ։ Այնուհետ նախագահ Դե Վալերան հրաժարվել է խորհրդարանից և կոչ արել պայմանագրին դեմ քվեարկած պատգամավորներին նույնն անել։
1922 թվականի ապրիլի 14-ին ԻՀԲ-ի 200 զորականներ գրավեցին Իռլանդիայի գլխավոր չորս դատարանները Դուբլինում՝ ի նշան բողոքի Անգլո-իռլանդական պայմանագրի դեմ։ Պայմանագրին դեմ հանդիսացող զինվորականներ, որոնցից շատերը Քոլինզի զինակից ընկերներն էին, պարտիզանական գործողություններ և շենքերի գրավումներ ձեռնարկեցին Իռլանդիայի տարբեր մասերում։ Այնուամենայնիվ, Քոլինզը հրաժարվում էր բռնի ուժով արձագանքել այս գործողություններին, ցանկանալով քաղաքացիական պատերազմից խուսափել։
Դե Վալերայի հրաժարումից հետո ձևավորվեց ժամանակավոր կառավարություն․ նախագահ ընտրվեց Արթուր Գրիֆիթը, որը Քոլիզնին նշանակեց վարչապետի պաշտոնին։ Քոլինզի և Գրիֆիթի նախաձեռնությամբ մշակվեց հանրապետության սահմանադրության նախագիծ, որի նպատակն էր հաշտեցնել իռլանդական երկու ճամբարները։ Քոլինզը բանակցությունների մեջ մտավ Դե Վալերայի հետ ազատ ընտրությունների միջոցով ազգային համերաշխությունը վերականգնելու համար։ 1922 թվականի հուլիսի 16-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ընտրվեցին 58 պայմանագրին կողմ թեկնածուներ և 36՝ պայմանագրին դեմ։
Քաղաքացիական պատերազմ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլինզի ջանքերը երկու հակառակվող ճամբարները հաշտեցնելու համար ձախողվեցին։ Բրիտանական իշխանությունները Քոլինզի վրա ճնշում էին գործադրում, որ նա Դուբլինի չորս դատարանները գրաված ԻՀԲ-ականներին ուժով ճնշի։ 1922 թվականի հունիսի 27-ին Քոլինզի ժամանակավոր կառավարությունն ամբստամբներից պահանջեց անմիջապես զենքերը վայր դնել և ազատել Չորս դատարանները, ապա թե ոչ՝ դուրս կբերվեն բռնի ուժով։ Երեք օր տևած մարտերից և ռմբակոծումից հետո Չորս դատարանները գրաված ապստամբները հանձնվեցին։ Ծանր մարտեր ծավալվեցին Դուբլինի փողոցներում Անգլո-իռլանդական պայմանագրին կողմ և դեմ հանդես եկող ուժերի միջև։ Դուբլինի ճակատամարտով սկսվեց քաղաքացիական պատերազմն Իռլանդիայում։
Բրիտանացիների նյութական և ֆինանսական օժանդակությամբ ձևավորվեց Իռլանդական Ազատ Պետության ազգային բանակը, որի գերագույն գլխավոր հրամանատարն էր Մայքլ Քոլինզը։ 1922-ի օգոստոսին Քոլինզը Քորկ մեկնեց, ենթադրվում է, հակառակորդ կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Քոլինզի Ազգային բանակին հաջողվել էր երկրի մեծ մասը հետ գրավել պայմանագրին դեմ հանդես եկող ուժերից։ Նա հաճախ շրջում էր նոր գրաված տարածքներում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ 1922 թվականին օգոստոսի 22-ին, Քորկ քաղաքից մեկնելուց հետո՝ մոտակա շրջանում ստուգումներ կատարելու նպատակով, Բեյլ նա Բլա գյուղի մոտ Քոլինզի շարասյունը դարանի մեջ է ընկել։ Քոլինզը դուրս է եկել մեքենայից և հրացանով կրակել հարձակվողների վրա, ապա սպանվել է գլխին դիպած գնդակից։ Քոլինզի հուղարկավորության արարողությանը մասնակցել են հարյուր հազարավոր իռլանդացիներ։ Նրա շիրիմը գտնվում է Դուբլինի Գլասնևին գերեզմանոցում։
Քոլինզի սպանությունը տարբեր վարկածների և դավադրության տեսությունների առարկա է։ Որևէ պաշտոնական հետաքննություն չարվեց նրա մահվան պայմանները հստակեցնելու համար և մինչ օրս պաշտոնական վարկած գոյություն չունի։
Քոլինզը 31 տարեկան էր, երբ սպանվեց։ Ամուսնացած չէր և չուներ երեխաներ։ Իր մահից մոտ մեկ տարի առաջ նշանվել էր Քիթի (Քեթրին) Քիրնանի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Llewellyn, Morgan (2001). 1921. Thomas Doherty Press.
- Beaslai, Piaras (1926). Michael Collins and The Making of the New Ireland. Dublin: Phoenix.
- Collins, Michael (1922). The Path to Freedom. Dublin: Talbot Press.
- Coogan, Tim Pat (1990). Michael Collins: A Biography. ISBN 9780099685807.
- Coogan, Tim Pat (2002). Michael Collins: The Man Who Made Ireland. Palgrave Macmillan. ISBN 978-0-312-29511-0.
- Deasy, Liam (1992). Brother Against Brother. Mercier.
- Doherty, Gabriel (1998). Michael Collins and the Making of the Irish State. Mercier.
- Dwyer, T. Ryle (1999). Big Fellow, Long Fellow: A Joint Biography of Collins and De Valera. St. Martin's Press. ISBN 978-0-7171-4084-8.
- Dwyer, T. Ryle (2005). The Squad and the Intelligence Operations of Michael Collins. Mercier Press. ISBN 978-1-85635-469-1.
- Feehan, John M. (1981). The Shooting of Michael Collins: Murder or Accident?. Mercier.
- Feeney, Brian (2002). Sinn Féin: One Hundred Turbulent Years. O'Brien Press.
- Hart, Peter (2007). Mick: The Real Michael Collins. Penguin. ISBN 9780143038542.
- McDonnell, Kathleen Keyes (1972). «There is a bridge at Bandon: A Personal Account of the Irish War of Independence». Cork and Dublin.
- Mackay, James (1997). Michael Collins: A Life. Mainstream Publishing. ISBN 978-1-85158-857-2.
- Neligan, David (1999). The Spy in the Castle. Prendeville Publishing Ltd.
- Neeson, Eoin (1968). The Life and Death of Michael Collins. Cork.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - O'Broin, Leon (1983). In Great Haste: The Letters of Michael Collins and Kitty Kiernan. Gill and MacMillan.
- O'Connor, Batt (1929). With Michael Collins in the fight for Irish independence. London: Peter Davies.
- O'Connor, Frank (1965). The Big Fellow: Michael Collins and the Irish Revolution. Clonmore & Reynolds.
- O'Donoghue, Florence (1954). No Other Law. Irish Press.
- O'Donoghue, Florence (2006). Florence and Josephine O'Donoghue's Irish Revolution. Irish Academic Press.
- Osborne, Chrissy (2003). Michael Collins Himself. Mercier.
- Stewart, Anthony Terence Quincey (1997). Michael Collins: The Secret File. University of Michigan. ISBN 978-0-85640-614-0.
- Talbot, Hayden (1923). Michael Collins' Own Story. London: Hutchinson.
- Taylor, Rex (1958). Michael Collins. Hutchinson.
- Younger, Calton (1968). Ireland's Civil War. London.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - McCarthy, Mark. Ireland's 1916 Rising: Explorations of History-making, Commemoration & Heritage in Modern Times (Routledge, 2016).
- Regan, John M. "Irish public histories as an historiographical problem." Irish Historical Studies 37.146 (2010): 265–92.
- Regan, John M. "Michael Collins, General Commanding‐in‐Chief, as a Historiographical Problem." History 92.307 (2007): 318–46.
- Regan, John M. (2012). «The "Bandon Valley Massacre" as a Historical Problem». History. 97 (325): 70–98. doi:10.1111/j.1468-229X.2011.00542.x.
- Whelan, Kevin. "The revisionist debate in Ireland." Boundary 2 31.1 (2004): 179–205. online Արխիվացված 18 Փետրվար 2017 Wayback Machine