Կրետներ
Սա թաղանթաթևավոր խայթող միջատների (բացառությամբ մեղուների և մրջյունների) ընտանիքների ընդհանուր անվանումն է։ Առավել հայտնի է ծալկաթև կրետների ընտանիքը, որը բաժանվում է 2 ենթաընտանիքի՝ հասարակական և միայնակ։ Հայտնի է կրետների 20 հզ. տեսակ։ Տարածված են առավելապես արևադարձային երկրներում։ Հայաստանում լայնորեն տարածված է արևելյան ձիաստացը։ Կրետներն ունեն ծնկաձև բեղիկներ և 2 զույգ թաղանթաթևեր։ Կրետները միջին և խոշոր չափերի միջատներ են (երկարությունը՝ մինչև 40 մմ)՝ կրծքի և փորիկի միջև ցայտուն արտահայտված ցողունով։ Ունեն սև ու ոսկեգույն գունավորում։ Կրետի մեջքը բարակ է, իրանը՝ նուրբ ու բարեկազմ։ Փորիկի ծայրին թաքնված սուր խայթը նրանց զենքն է։ 2 զույգ թաղանթաթևերը նրանց օգնում են կտրել անցնել երկար տարածություններ և արագորեն փոխել թռիչքի ուղղությունը։ Թռչում կամ բույն են հյուսում խմբերով։ Եթե մեկը պատահմամբ կամ դիտավորյալ քանդում է կրետների բույնը, ապա նրանք բվվոցով վրա են պրծնում ու խայթում։ Նրանց խայթիչի հետ կապված են թունավոր գեղձերը, դրա համար էլ խայթած տեղը խիստ այտուցվում է, որն ուղեկցվում է այրող ցավով, գերզգայունության դեպքում հնարավոր է անաֆիլաքսային շոկ։ Մանր կենդանիները կրետի խայթոցից կարող են նույնիսկ սատկել։
Կրետների բույնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրետներն իրենց բույնը հյուսում են ձեղնահարկերում, ծառերի կամ թփերի ոստերին, փչակներում։ Կրետները բույն պատրաստելու համար դանդաղ սողում են չոր փայտի վրայով ու ծնոտներով կրծոտում այն, ապա կրծոտած թեփը խառնելով սեփական լորձին՝ շարում են բնի պատերը։ Որոշ ժամանակ անց կրետի պատրաստած «գավաթիկում» հայտնըվում են ձվիկներ, ապա գավաթիկի եզրերը ծալվում են, և այլևս չի երևում, թե ինչ է կատարվում այնտեղ։ Աշնան սկզբին բույնը դառնում է բռնցքաչափ։ Լսվում է ծանոթ բվվոցը, և բնից մեկը մյուսի հետևից դուրս են թռչում տասնյակ կրետներ. այդպես ծնունդ է առնում նոր սերունդը։ Կրետները թրթուրներին կերակրում են իրենց ծամած միջատներով։ Հետաքրքիր է միայնակ կրետի ապրելակերպը։ Նրբագեղ, նեղ ու մուգ փորիկով ամոֆիլա կրետն իր բույնը փորում է հողի մեջ և նախքան ձվադրելը փխրուն հողում գտնում է գիշերաթիթեռի հարսնյակ, խայթով շեշտակի հարվածում է նրա նյարդային կենտրոնին, որից հարսնյակը կորցնում է շարժունակությունն ու զգայունությունը, բայց ողջ է մնում։ Ապա կրետը նրան քարշ տալով բերում է բույնը և այդպիսով սնունդ պաշարում ապագա թրթուրի համար։ Կրետները հրաշալի որսորդներ են։ Նրանցից շատերն օգտակար են։ Բեմբեքս տեսակի կրետները, օրինակ, որսում են հոտերի շուրջը պտտվող ճանճերին ու պիծակներին։ Նրանք իրենց թրթուրների համար կեր չեն պաշարում, այլ թարմ սնունդ են տանում բույն։ Միայն մի թրթուրի համար բեմբեքս կրետը 14–15 օրում (թրթուրային շրջան) որսում է 50–80 միջատ։
Կրետի խայթոցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անմիջապես հանել խայթիչը և վերքը լվանալ էթիլ-կամ անուշադրի սպիրտով։ Ցավը մեղմացնում են կապարային թրջոցները։ Առավել վտանգավոր է, երբ թունավոր կրետները խայթում են բերանի լորձաթաղանթը. այդ դեպքում առաջացած այտուցը կարող է տարածվել բկանցքի ու կոկորդի վրա և առաջացնել շնչահեղձություն։ Ուստի կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
Պահեստարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 687)։ |