Կինթայր թերակղզի, (գաել.՝ Cinn Tìre, անգլ.՝ Kintyre), թերակղզի արևմտյան Շոտլանդիայում, Արգայլ և Բյուտ վարչական շրջանի հարավարևմտյան մասում։ Թերակղզին ձգվում է հարավից հյուսիս, մինչև Իսթ Լոխ Թարբերտ մոտ 30 մղոն (48կմ)։ Կինթայրից անմիջապես դեպի հյուսիս ընկած տարածքը հայտնի է Նափդել անվամբ։ Կինթայրը երկար և նեղ թերակղզի է՝ արևմտյան և արևելյան ափերը միմյանցից հեռու են ոչ ավել քան 11 մղոն (18կմ)։ Կինթայր թերակղզու արևելյան ափը փակում են Կիլբրանան Սաունդի ափամերձ գագաթները, որոնցից է Թոր Մորը։ Թերակղզու կենտրոնական մասը հիմնականում բլրապատ մորեններ են։ Ափամերձ տարածքները և թերակղզու խորքը, այնուամենայնիվ, արգավանդ է և բերրի։ Կինթայրը երկար ժամանակ բաղձալի տարածք է եղել բնակիչների համար, ներառյալ շոտլանդացիների նախնիների, որոնք գաղթել էին Ալսթերից դեպի արևմտյան Շոտլանդիա և վիկինգների համար, որոնք նվաճեցին տարածքը և բնակություն հաստատեցին այնտեղ Ք.Ա. երկրորդ հազարամյակի սկզբներին։ Տարածքի գլխավոր քաղաքը Քեմբելթաունն է, որը 18-րդ դարի կեսերից ի վեր եղել է արքայական գյուղաքաղաք։ Տարածքի տնտեսությունը երկար ժամանակ հիմնված էր ձկնորսության և անասնապահության վրա, թեպետ Քեմբելթաունը համաշխարհային հռչակ է վայելում որպես աշխարհի ամենանրբահամ վիսկի արտադրող։ Քեմբելթաունի վիսկին բազմաթիվ մրցույթների հաղթող է ճանաչվել։
Կինթայր թերակղզուց գործում են դեպի Գլազգո և հակառակ ուղղություններով ավտոբուսներ, որոնց սպասարկում է Ուեսթ Քոսթ Մոթորսը (West Coast MotorsԱրխիվացված 2020-11-03 Wayback Machine)՝ Սքոթիշ Սիթիլինկ ընկերության միջոցով։
Ներկայումս թերակղզում երկաթուղի չի գործում։ 1876 թվականից մինչև 1631 թվականը գործել է Քեմբելթաուն-Մաչռիհանիշի թեթև երկաթուղին, որը սկզբնապես կառուցվել էր ածուխ տեղափոխելու նպատակով։
Քեյլի մատուռի և Ս. Կոլոմբայի մատուռի մոտ, Դանավերտի ծովածոցի մոտ կա մի ժայռ, որի վրա դրոշմված են երկու մարդկային ոտնատեղեր՝ այնտեղ, որտեղ առաջին անգամ Ս. Կոլոմբան ոտքը դրել է գետնին։ Ոտնահետքերից մեկը նոր է, մյուսը՝ բավական հին։ Այս ժայռադրոշմների հետ են կապված եղել թագադրման զանազան ծիսակարգեր։
Կինթայր թերակղզու հետ առնչվող երգերից ամենահայտնին Պոլ ՄաքԿարտնիի «Mull of Kintyre» երգն է, որը թողարկվել է 1977 թվականին։ Երգը կատարել է Պոլ ՄաքԿարտնիի և նրա կնոջ՝ Լինդայի հիմնադրած «Wings» ռոք խումբը։ Երգը գովերգում է գեղատեսիլ թերակղզին, որտեղ երգիչը 1966 թվականից ի վեր Հայ Փարկ ագարակի սեփականատերն էր։ Երգը դարձավ «Wings» խմբի կատարած մեծագույն հիթը Միացյալ Թագավորությունում, որտեղ այն դարձավ Սուրբ Ծննդյան տոների առաջատար երգը և առաջին սինգլը, որի ավելի քան երկու միլիոն օրինակ վաճառվեց Միացյալ Թագավորությունում։