Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Կաղնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղնի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ցեղ Կաղնի (Quercus)
L., 1753

Կաղնի (լատին․՝ Quércus), հաճարազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի առանձին ցեղ է։

Հայտնի են 500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ[1]։

Կաղնի։ Բուսաբանական նկարազարդում Օ. Վ. Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885

Ցեղի անունը լատիներեն Verkus բառն է, որը նշանակում է գեղեցիկ ծառ։ Հին Հունաստանում այն նվիրված էր գիտության, արևի և արվեստի աստված Ապոլլոնին։ Կաղնու ճյուղը համարվում էր հզորության նշանաբան, այն պարգևում էին մարդկանց կյանքը փրկողներին, զինվորական սխրանքներ գործողներին և այլն։ Հռոմեացիների մոտ այն նվիրված էր Յուպիտերին։ Պլինիոս ավագը հիացած այս ծառով, գրել է.

Կաղինները… դարերից անձեռնմխելի, տիեզերքի հետ հասակակից, հիացնում են իրենց գրեթե անմեռ կացությամբ, որպես աշխարհի վեհագույն հրաշք։

Սլավոնները կաղնին համարել են սուրբ ծառ. այն նվիրված է եղել կայծակի և որոտի աստված Պերունին, իսկ հնդիկները ծառն անվանել են «տևադարա», որը բառացի նշանակում է «աստվածածառ»։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միատուն ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ։ Տերևները հերթադիր են, կոշտ, կաշենման, բլթակավոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճ կոթուններով, թավոտ կամ մերկ։ Ծաղիկները միասեռ են, մանր։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը միասերմ կաղին է։ Պարունակում է աղաղանյութեր (տանիդներ), վիտամին C, օսլա և այլն։ Տարածված է կաղնու 6 հիմնական տեսակ՝ արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան, վրացական, ծակոտիավոր և այլն։ Առաջին 80 տարում կաղնին աճում է դեպի վեր՝ հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել լայնքով (հաստությամբ)։ Պտուղը միասերմ կաղին է՝ հաճախ ամփոփված բաժականման փայտե պտղակալում։ Կաղնին ապրում է 500-600 (երբեմն՝ մինչև 1000 և ավելի) տարի։

Ծաղկի բանաձև՝ և [2]. [2]։

Կաղնին լուսասեր է, որոշ տեսակներ երաշտակայուն են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։

Ճահճային կաղնու տերևները (Quercus palustris).

Հյուսիսային կիսագնդի բարեխառն, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճում է կաղնու 500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ։

Հայաստանում տարածված է Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, առաջացնում է ինքնուրույն և խառնանտառներ (հաճարենու, հացենու, բոխու) հետ։ Կաղնուտները Հայաստանում զբաղեցնում են շուրջ 116 հազար հա։

  • Կաղնի հայկական – (լատ.Quércus Armenica)-տարածված է սկսած Արևմտյան Հայաստանից մինչև Աբխազիա։ Կոչվում է նաև պոնտական կամ համշենյան կաղնի։
  • Կաղնի խոշորառէջ – տարածված է Հայաստանի անտառային բոլոր շրջաններում՝ աճելով ծովի մակարդակից 1200-1400 մ-ից մինչև 2400-2600 մ բարձրությունների վրա։ Լուսասեր է խոնավասեր, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ։
  • Կաղնի վրացական – տարածված է հյուսիսային անտառային շրջաններում և Զանգեզուրում՝ ծովի մակարդակից 550-ից մինչև 1200-1400 մ բարձրությունների վրա։ Լուսասեր է, միջին չորադիմացկուն, ջերմասեր, գերադասում է հզոր, սննդանյութերով հարուստ հողեր։
  • Կաղնի արաքսյան – տարածված է Մեղրու և Կապանի շրջաններում` անտառի ստորին գոտում, մինչև 900 մ բարձրության վրա։ Ջերմասեր է, լուսասեր, չորադիմացկուն, հողի նկատմամբ ոչ այնքան պահանջկոտ։
  • Կաղնի գետափնյա – առանձին ծառերով կամ փոքր խմբերով հանդիպում է Դեբեդ, Հախում, Աղստև, Ողջի գետերի ափերին մինչև 1000 մ բարձրության վրա։ Ջերմասեր, խոնավասեր և հողի նկատմամբ պահանջկոտ է։
  • Կաղնի ոսկեփայլ – հանդիպում է հյուսիսային Հայաստանում առանձին ծառերի ձևով՝ վրացական կաղնուց կազմավորված ծառուտներում[3]։

Առավել հայտնի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է կաղնու 6 հիմնական տեսակ՝ արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան, վրացական, ծակոտիավոր և այլն։ Միատուն ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ։ Առաջին 80 տարում կաղնին աճում է դեպի վեր՝ հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել լայնքով (հաստությամբ)։ Կաղնու միակ տարածքը համարվում է Հյուսիսային կիսագունդը։ Հայաստանում՝ 6 տեսակ՝

  • կաղնի արևելյան կամ խոշորառէջ (Q.macranthera),
  • կաղնի արաքսյան (Q.araxina),
  • կաղնի ոսկեզօծ (Q. hypochrysa),.
  • կաղնի վրացական (Q. iberica) և այլն։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատղաշ ճյուղերի կեղևը պարունակում է 10-20 % պիրոգալոլային խմբի դաբաղանյութեր, գալաթթու, էլլագաթթու, պենտոզան, պեկտին, կվերցետին, կվերցիտ, լևուլին, օսլա, լորձ, ֆլոբաֆեն, պտուղները՝ մինչև 40 % օսլա, 5-8 % դաբաղանյութեր, մինչև 5 % ճարպայուղ, շաքար և սպիտակուցային նյութեր, տերևները՝ կվերցիտրին, կվերցետին, դաբաղանյութեր և պենտոզան, բնափայտը՝ 4-6 % տանին։

Օգտակարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղնին առաջացնում է մաքուր և խառնանտառներ (հաճարենու, հացենու, բոխու հետ)։ Կաղնու անտառներն ունեն հողապաշտպան, ջրհավաք և ջրակարգավորիչ նշանակություն։

Կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են երիտասարդ բնի (տրամագիծը 10 սմ-ից ոչ ավելի) և ճյուղերի հարթ կեղևը, որոշ դեպքերում նաև պտուղները և տերևները։ Կեղևը հանում են ապրիլից մինչև հունիս, կատարելով մոտ 30 սմ իրարից հեռու, օղակաձև կտրվածքներ, որոնք հետո ուղիղ գծով իրար են միացնում և անջատում կեղևը։ Այն չորացնում են անմիջապես արևի և միջանցիկ քամու տակ։ Պատրաստի հումքը պահում են պարկերի մեջ։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չորացնում արևի տակ։ Չորացած կեղևը դրսից գորշ մոխրագույն է կամ գորշավուն, ներսից՝ դեղնավուն կամ գորշ կարմրավուն, անհոտ, ուժեղ տտիպ համով։

Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդական ֆլեյտան Վ. Ա. Մացարտի օպերայում փորագրված է հազաամյա կաղնու փայտին։

Կաղնու սուրճ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղներից պատրաստել են մինչև հիմա էլ իր նշանակությունը չկորցրած կաղնու սուրճ, որը ոչ միայն համեղ է, այլև բուժիչ։ Վերջինս հաճախ համեմում են եղերդակի ու տատրակի արմատներով և օգտագործում կաթի ու մեղրի հետ։ Կաղնու պտուղները հիանալի կեր են ընտանի և վայրի կենդանիների ու թռչունների համար։ Պտուղներից ստանում են օսլա։

Լայնակի կտրվածքը Quercus suber.

Լեհաստանում կաղնու կեղևը համարվում է որպես արդյունավետ մածող միջոց և կիրառվում է միզուղիների հիվանդությունների, արգանդային արյունահոսությունների, թութքի և վերքերի բուժման նպատակով։ Բուլղարիայում կաղնու կեղևը հանրահայտ է որպես ստամոքսաղիքային տրակտի կատարի, դիզենտերիայի, մաշկային որոշ հիվանդությունների, լնդերի բորբոքումների, վերքերի, արյունահոսող թութքի, կանանց սպիտակաթորանքի, անգինայի, բերանի վատ հոտի և ցրտահարված վերջույթների բուժման հուսալի միջոց։ Կեղևի եփուկը՝ խառնելով կարմիր գինու հետ, տալիս են արյունահոսությունների, դիսպեպսիաների, առատ դաշտանի, միզապարկի բորբոքման, սուսանակի ժամանակ և այլն։

Կաղնու փայտից պատրաստված շինություն

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կեղևի եփուկը լայնորեն կիրառվել է արյունային լուծի, խոլերայի, ստամոքսային և աղիքային արյունահոսությունների, առատ դաշտանի, լնդախտի, ռախիտի, սնկային և ծանր մետաղների աղերով թունավորումների, լյարդի և փայծաղի հիվանդությունների, հատկապես պառկելախոցերի ժամանակ և այլն։ Միջին Ասիայի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկները հայտնի են որպես ջերմ իջեցնող, ատամնացավը և լուծը դադարեցնող միջոց։ Ն. Պ. Իորիշի ցիտումով, ըստ Կ. Ապինիսի, կաղնու տերևներից և պտուղներից մեղրով թեյը հիանալի միջոց է թոքերի, ստամոքսի և լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում։ Նույն ցիտումով, ըստ Էրտելի և Բաուերի, կաղնու պտուղներից և կեղևից պատրաստված մեղրով թեյը օգտակար միջոց է գեղձախտով հիվանդներին։ Ն. Գ. Կովալևան կաղնու կեղևը առաջարկում է նևրալգիաների և տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար։ Որոշ տեղերում կեղևի եփուկով բուժում են գլխի ճարպային սեբորեան։ Ժողովրդական բժշկության մեջ բուժական լայն կիրառում ունի կաղնու պտուղներից պատրաստված սուրճը, որը նշանակվում է գեղձախտի և նյարդային ցնցումների ժամանակ։

Շագանակատերև կաղնին գեղազարդիչ նպատակներով աճեցվում է այգիներում և պուրակներում։ Երևանի շրջակայքի անտառաշերտերում կան կաղնու ներմուծված տեսակներ։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտն ամուր է, դիմացկուն, նախշավոր, կիրառվում է նավաշինության, ատաղձագործության՝ կահույքի և մանրատախտակի արտադրության, տակառների պատրաստման և այլ բնագավառներում, խցանակաղնու կեղևից պատրաստում են խցան։

Կաղնու բնափայտը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր, վիտամին C, օսլա և այլն։ Բժշկության մեջ կեղևի պատրաստուկներն օգտագործվում են որպես կապող և հականեխիչ միջոց։ Կաղնին որպես դեղամիջոց ունի կիրառման շատ հին պատմություն։ Հնդկական բժշկության մեջ այն կիրառվել է որպես օրգանիզմի ուժերը խթանող և էկզեման բուժող միջոց, իսկ արաբական բժշկության մեջ հիմնականում օգտագործվել է արմատի կեղևը՝ դիզենտերիայի ժամանակ։ Կեղևաթուրմը փայլ է տալիս մազերին և ներկում սև գույնի։ Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ եթե պտուղը ծեծվի և դրվի թունավոր միջատների և սողունների կծածին, ապա վերանում է այտուցը։ Այն օգտակար է նաև բույսերից առաջ եկած թունավորումների և լնդերի բորբոքումների ժամանակ։ Պտուղն ունի փորը կապելու և աղիների խոցերը բուժելու հատկություն, իսկ տերևները եփուկի ձևով, բուժում են ստամոքսի հիվանդությունները, ծեծված վիճակում դնում են վերքերի վրա։ Բույսի տերևներն ունեն արտահայտված ֆիտոնցիդային հատկություն, հատկապես տիֆի, դիզենտերիայի և պալարախտի հարուցիչների նկատմամբ[4]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արաքսյան և ծակոտիկավոր կաղնիները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
  • Կաղնին հայոց մեջ ընկալվել է նաև որպես սրբազան ծառ, երկարակեցության, ուժի և հզորության խորհրդանիշ[5]։
  • Կաղնին պատկերված է շատ երկրների և քաղաքների դրոշների վրա։

Զինանիշագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղնու նկարները հանդիպում են հետևյալ քաղաքների զինանշանների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Plant List: Quercus Արխիվացված 2017-08-14 Wayback Machine
  2. 2,0 2,1 Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 407. — 528 с. — ISBN 5-9532-0114-1
  3. «Կաղնու մասին Հայանտառ կայքի բառարանում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  4. Հայաստանի դեղաբույսեր, Ա․ Թորոսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան-1983
  5. Դպրոցական Մեծ Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 195
Ընթերցե՛ք «կաղնի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի» հոդվածին։