Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնեբեկ դեղատու (լատին․՝ Asparagus officinalis), ծնեփակազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
15-20 սմ երկարությամբ, հորիզոնական հաստ կոճղարմատով, բազմաթիվ երկար արմատներով բազմամյա երկտուն խոտաբույս է։ Գարնանը կոճղարմատից դուրս են գալիս ուղղաձիգ, թեփուկանման եռանկյունաձև տերևներով, հաստ մսալի կանաչավուն ընձյուղներ, որոնք հետագա զարգացման ընթացքում վերափոխվում են 60-150 սմ բարձրությամբ վերգետնյա հարթ ճյուղավոր ցողունների։ Տերևանութներում առաջանում են բազմաթիվ բարակ կանաչ ճյուղեր՝ տերևակերպ ընձյուղներ, կլադոդիումներ։ Պարզ պսակակերպ ծաղկապատով և դեղնանարնջագույն փոշանոթներով բազմաթիվ միասեռ մանր վեցանդամ ծաղիկները դեղնականաչավուն են, ձագարաձև։ Պտուղները նարնջագույն-կարմիր, գնդաձև եռաբույն և սև փայլուն սերմերով հատապտուղներ են[1]։
Ծնեփակի այս տեսակը գեղազարդային, մեղրատու և մշակովի բույս է, որը վայրի պայմաններում աճում է լեռնային գոտիների մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ լանջերին, անտառների ստորին եզրերին։ Տարածված է բոլոր մարզերում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են արմատները և երիտասարդ կանաչ ընձյուղները, որոնք պարունակում են ասպարագին, արգինին ամինաթթուներ, ածխաջրեր, օսլա, կարոտին, CB1, B2, PP վիտամիններ, կումարիններ, ստերոիդային սապոնիններ, եթերային յուղ, գլիկոզիդներ, օրգանական թթուներ, լորձանյութեր, հանքային աղեր և այլն։ Հասուն պտուղների թուրմն օգնում է անկարողության դեպքում[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.