Տափակոն (լատին․՝ Abramis brama), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում հայտնաբերվել է 1998-ին՝ Մեծամոր գետում։ Այժմ հանդիպում է նաև Արարատյան դաշտի մյուս գետերում՝ Արաքսում, Հրազդանի ստորին հոսանքում, նաև այդ գետերի ջրերով սնվող ջրանցքներում։ Խոշոր ձուկ է։
Մարմինը բարձր է, կողքերից խիստ սեղմված, երկարությունը՝ 26-35, երբեմն մինչև 45 սմ, զանգվածը՝ մինչև 2, 5 կգ և ավելի։ Բերանը կիսաստորին է, դունչը՝ բութ, ճակատը՝ ուռուցիկ։ Թեփուկները կարճ ու լայն են, հիմքերը՝ մաշկային «գրպանիկի» մեջ։ Կողագծային թեփուկները 52-56 հատ են, կլանային ատամները՝ միաշարք։ Պոչային լողակը խոր մկրատաձև կտրվածքով է, որի ստորին բլթակը վերինից երկար է ու լայն։ Փորային լողակների հիմքը գտնվում է մեջքային լողակի հիմքից առաջ։ Մեջքային լողակն ունի 12-13 ճառագայթ, հետնալողակը՝ 28-30։ Խռիկային առէջները (21-24 հատ) կարճ են ու խիտ դասավորված։ Փորային լողակների և հետանցքի միջև առկա է ողնուց, որը հաճախ ծածկված չէ թեփուկներով։ Մեջքը և գլխի վերին մասը մոխրականաչավուն են, կողքերը՝ արծաթափայլ կամ դեղնաոսկեգույն, փորիկը՝ արծաթափայլ սպիտակ։ Մեջքային, պոչային լողակները և հետնալողակը մուգ մոխրագույն են՝ կարմրավուն հիմքով, իսկ կրծքային և փորային լողակները՝ նարնջամոխրագույն։ Աչքի ծիածանաթաղանթը դեղնավուն է, վերին մասը՝ մուգ մոխրագույն կամ սև։ Սեռահասուն է դառնում 2 կամ 3 տարեկանում։ Բազմանում է ապրիլ-մայիսին, երբեմն՝ հունիսին։ Այդ ընթացքում արուների մարմնի և գլխի վրա հայտնվում է լավ արտահայտված «մարգարտյա» ցան։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 10 հազար ձկնկիթի, որը կպչուն է, բաց դեղնավուն՝ տրամագիծը՝ 1, 5 մմ։ Դնում է ստորջրյա բույսերի վրա։
Բնակվում է վտառներով։ Սովորաբար հանդիպում է հարուստ բուսականությամբ դանդաղահոս ջրերում։ Հիմնականում վարում է մերձհատակային կենսաձև։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 554)։