Ամպ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամպ (այլ կիրառումներ)
Ամպ, մթնոլորտում, Երկրի մակերևույթից որոշ բարձրության վրա, ջրի մանր կաթիլների, սառցաբյուրեղիկների և դրանց խառնուրդի կուտակումը։ Ամպի առաջացման հիմնական, պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ։ Ամպերն, ըստ իրենց ստորին սահմանի բարձրության, բաժանվում են 3 հարկի, ըստ ձևի՝ 10 տեսակի։ Վերին հարկին (բարձրությունը՝ ավելի քան 6 կմ) են պատկանում փետրավոր, փետրաշերտավոր, փետրակույտավոր ամպերը, միջին հարկին (բարձրձրությունը՝ 2կմ)՝ բարձր շերտավոր, բարձր կույտավոր ամպերը, ներքին հարկին (բարձրությունը՝ մինչև 2 կմ)՝ շերտավոր, շերտակույտավոր և շերտաանձրևային ամպերերը։ Տարբերում են նաև ուղղաձիգ զարգացման ամպեր (կույտավոր և կույտաանձրևային), որոնց ներքին սահմանը սովորաբար բավական ցածր է, իսկ վերինը երբեմն հասնում է մինչև վերնոլորտ։ Ըստ ծագման՝ տարբերում են ամպերի 3 տիպ՝ կույտավոր, ալիքավոր և շերտավոր։
Կույտավոր ամպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կույտավոր ամպերի առաջացման հիմնական, պատճառներն են օդի կոնվեկտիվ շարժումը և ջերմության տուրբուլենտ փոխանակությունը. հիմնականում առաջանում են ցամաքի վրա՝ տարվա տաք կեսին։ Կույտավոր ամպերից Հայաստանի տարածքում առավել հաճախ դիտվում են շերտակույտավոր և բարձր կույտավոր ամպերը, Փետրավոր ճանկանման ամպեր, Փետրավոր մանրաթելային ամպեր, Բարձր կույտավոր ամպեր, Կույտաանձրևային ամպեր, Շերտակույտավոր ամպեր որոնց կրկնողականությունը տարվա ընթացքում 40-50% է։ Կույտաանձրևաբեր ամպերը հաճախ ուղեկցվում են անձրևներով, կարկուտով, հիմնականում դիտվում են Արարատյան դաշտում, Զանգեզուրում, Սևանա լճի ավազանում և այլուր։
Ալիքավոր ամպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիքավոր ամպերի առաջացումը կապված է շրջադասային շերտերի առկայության հետ։ Սրանց վերին և ստորին սահմաններում դիտվում են ուղղությամբ և արագությամբ խիստ տարբեր օդային հոսանքներ, որոնք և առաջացնում են ալիքային շարժումներ։ Ալիքավոր ամպերի առաջացմանը նպաստում է նաև ցամաքի մակերևույթը։ Իրար հաջորդող լեռների և հովիտների վրայով անցնող օդային հոսանքներն առաջացնում են ալիքային շարժումներ և մթնոլորտի բավարար խոնավության պայմաններում ալիքավոր ամպերի առաջացման պատճառ են դառնում։ Նման ամպեր դիտվում են ձմռանը՝ Սևանա լճի ավազանում։
Շերտավոր ամպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերտավոր ամպերը դիտվում են տարվա ցուրտ կեսին՝ ցիկլոնների տաք գոտում և պայմանավորված են շրջադասային շերտերում առաջացող թույլ վերընթաց հոսանքներով (5-10 սմ/վ) ու տուրբուլենտականությամբ։ Շերտավոր ամպերը լեռնային, բարդ ռելիեֆի պայմաններում հաճախ կարող են տարափոխվել կույտավոր ամպերի։
Հայաստանի տարածքում տարվա ընթացքում առավել հաճախ դիտվում են շերտակույտավոր (40-50 %), բարձր կույտավոր (30-40%), փետրավոր (որոնց առավելագույն կրկնողականությունը դիտվում է գարնանը և ձմռանը՝(20-30%) ամպեր։ Երկնակամարը բազմահարկ ամպերով ծածկված լինելու աստիճանը՝ ամպամածությունը, արտահայտվում է բալլերով (10 բալային սանդղակով)։ Երկինքը համարվում է պարզ, երբ ամպամածությունը կազմում է 0-2, կիսապարզ՝ 3-7, ամպամած՝ 8-10 բալլ։ Տարբերում են ներքին և ընդհանուր (անկախ հարկից) ամպամածության տեսակներ։ Ամպամածությունն ունի իր ցայտուն արտահատված օրական և տարեկան ընթացքը, որը լեռն, ռելիեֆի պայմաններում աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, Հայաստանում դիտվում է հիմնականում 7-8 ամիս, հատկապես հյուսիսային, հյուսիսարևելյան շրջաններում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 328)։ |