Դարվինի մրցանակ
Դարվինի մրցանակ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Տեսակ | պարգև և երգիծանք | ||
Կարգավիճակ | գործող | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | 1993 | ||
Հերթականություն | |||
Կայք | darwinawards.com(անգլ.) | ||
Darwin Awards Վիքիպահեստում |
Դարվինի մրցանակ (անգլ.՝ Darwin Awards), վիրտուալ հակամրցանակ։ Ամեն տարի շնորհվում է այն անձանց, որոնք ամենահիմար ձևով մահացել կամ զրկվել երեխաներ ունենալու հնարավորությունից, և այդպիսով զրկվել են մարդկության գենոֆոնդում իրենց ներդրումն ունենալու հնարավորությունից՝ դրանով իսկ բարելավելով այն։ Այն ի սկզբանե հիմնված է եղել ժամանակակից քաղաքային լեգենդների սյուժեների վրա, որ տարածված էին որպես համացանցային ֆոլկլոր։
Պաշտոնապես մրցանակը շնորհվում է «մարդկության գենոֆոնդից վնասակար գեները բացառելու» համար և մի շարք դեպքերում կարող է տրվել կենդանի մարդկանց, որոնք կորցրել են վերարտադրողական ունակությունն իրենց իսկ հիմարության պատճառով տեղի ունեցած անհեթեթ դժբախտ պատահարի հետևանքով։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակն անվանվել է ի պատիվ բնական ընտրությունը՝ որպես էվոլյուցիայի հիմնական մեխանիզմ, ժողովրդականացնող Չարլզ Դարվինի։ Չնայած մրցանակը շնորհվում է «գենոֆոնդը պաշտպանելու» համար, սակայն դրան արժանացողների ճակատագրական հիմարությունը բնածին չէ, այլ ունի սոցիալական պայմանավորվածություն[1], հետևաբար այս դեպքում մարդկության գենոֆոնդի առաջընթացի մասին խոսելը անքաղաքավարություն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարվինի մրցանակի առաջին հիշատակումն արձանագրվել է 1985 թվականի օգոստոսի 7-ին, այսինքն՝ համացանցի զարգացման արշալույսին՝ DarwinAwards.com կայքի ստեղծվելուց գրեթե 10 տարի առաջ։ Այդ օրը Յուզնետի net.bizarre խմբի Էնդի օգտանունով օգտատերը բացել է «Darwin Awards» անվանումով նոր թեմա[2]։ Այդտեղ նա թողել է հաղորդագրություն այն մասին, թե դա ինչ մրցանակ է և ում է շնորհվում։
Փաստորեն, Դարվինի մրցանակի հաղթողների մասին պատմություններն ի սկզբանե առաջացել են որպես համացանցային բանահյուսության երևույթներից մեկը։ 1980-ական թվականների երկրորդ կեսին դրանք տարածվել են Յուզնետի խմբերում և էլեկտրոնային նամակագրություններում, չնայած այդ ժամանակ ոչ մի մրցանակ գոյություն չի ունեցել[3]։ 1991 թվականի մայիսից հետազոտողներն արձանագրել են Դարվինի մրցանակի արժանացողների մասին տիպային նամակների տարածումը, որտեղ թվարկվել են հաշվետու տարվա առավել ծիծաղելի մահերի մի քանի պատմություններ՝ դասակարգվելով ավելի անհամությունից մինչև առավել անհավանականը[4]։ Նամակի թեման սովորաբար նշանակվել է որպես «1999 Darwin Awards», իսկ բովանդակությունը կառուցված է եղել բավականին կոշտ կանոններով. նախ կարճ հիշեցմամբ ընթերցողներին կոչ է արվել, թե ինչ է Դարվինի մրցանակը և ում է շնորհվում, այնուհետև կարող էր լինել նախորդ տարիների մրցանակակիրների մասին համառոտ պատմությունների օրինակներ, իսկ դրանց հաջորդել է այդ տարվա առաջադրվածների պատմությունների շարքը, որն ավարտվել է հաղթողների պատմածներով։ Դարվինի մրցանակի էլեկտրոնային նամակներում հայտնված պատմությունների հավաքագրումը եղել է բավականին կայուն, ուստի նույն պատմությունը տարեցտարի կարող էր հայտնվել այդ նամակներում։
1990-ական թվականների սկզբին սկսվել են հայտնվել էնտուզիաստներ, որոնք սկսել են հավաքել նման պատմություններ և այդ հավաքածուները տեղադրել համացանցում։ Այդպիսի անձնավորություն էր մոլեկուլային կենսաբան Վենդի Նորտկատը (անգլ.՝ Wendy Northcutt), որը Դարվինի մրցանակի մասին առաջին անգամ էլեկտրոնային նամակ է ստացել 1993 թվականին, երբ աշխատելիս է եղել Սթենֆորդի համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայում։ 1994 թվականին Վենդի Նորտկատը համալսարանի սերվերում ստեղծել է համացանցային էջ, որտեղ տեղադրել է Դարվինի մրցանակի արժանացածների մասին հավաքած պատմությունների հավաքածուն։ Էջն սկսել է վայելել այնպիսի ժողովրդականություն, որ շուտով դրա ստեղծողը գրանցել է DarwinAwards.com կայքը և ինքնակամորեն այն հատարարել որպես Դարվինի մրցանակի պաշտոնական կայք։ 1999 թվականին Վենդի Նորտկատը թողել է գիտությունն ու սկսել աշխատել Դարվինի մրցանակը շահութաբեր բիզնես դարձնելու ուղղությամբ։ Քանի որ կայքի բազմաթիվ այցելուներն ուղղակի եկամուտ չեն բերել, դրա տերը որոշել է, կայքի այցելուների ուղարկած պատմությունների վրա հիմնվելով, զվարճալի գիրք կազմել։ 2000 թվականին լույս է տեսել Վենդի Նորտկատի «Դարվինի մրցանակ։ Էվոլյուցիան գործողության մեջ» գիրքը[5], և այն դարձել է միջազգային բեսթսելլեր։ Այդ ժամանակվանից ի վեր նա սկսել է տարին մեկ անգամ տպել «Դարվինի մրցանակ» շարքի գիրք, ընդ որում՝ այդ գրքերից շատերը հաջողություն են ունեցել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի մյուս երկրներում։ 2006 թվականին թողարկվել է Ֆինն Թեյլորի «Դարվինի մրցանակ» սև կատակերգությունը, որը նկարահանվել էր կայքի նյութերի հիման վրա։ Վենդի Նորտկատը շարունակում է տպագրել գրքել և հուշանվերներ վաճառել առցանց խանութների ու առցանց աճուրդների միջոցով[6]։ Մրցանակաբաշխության հավակնորդների վերաբերյալ ներկայացված պատմությունների 90%-ը հրապարակվում է կայքում, ևս 10 %-ը՝ միայն գրքերում[7]։ Այժմ այն աշխարհում ամենամեծ հումորային ֆրանշիզներից մեկն է, որն ավելի քան 1,5 միլիոն օրինակ է վաճառված[8]։
Կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակաբաշխությունը ժյուրի չունի[9]։ Դարվինի մրցանակի թեկնածուների համար կա հինգ պահանջ[10].
- վերարտադրություն – թեկնածուի կողմից արված հիմարությունը նրան զրկել է սերունդ ունենալու հնարավորությունից,
- կատարելություն – թեկնածուի կողմից արված հիմարությունն ակնառու է,
- ինքնուրույնություն – թեկնածուն հիմարություն է կատարել կամավոր և միայն իր հետ,
- հասունություն – թեկնածուն ըստ տարիքի և հոգեկան վիճակի կարող է պատասխանատու որոշումներ կայացնել,
- ճշմարտացիություն – թեկնածուի պատմությունը հաստատվում է հավաստի աղբյուրներով։
Հինգերորդ կանոնը դարձել է Նորտկատի անձնական ներդրումը[11] մրցանակի զարգացման գործում և ճակատագրական հիմարությունների մասին շատ հայտնի պատմություններ տեղափոխել է քաղաքային լեգենդների շարքը։ Նման լեգենդներն առանձին մրցույթով ներկայացված են մրցանակաբաշխության կայքում[12]։ Հենց քաղաքային լեգենդներն են հիմք հանդիսացել մրցանակաբաշխությունը՝ որպես առևտրային նախագիծ, կազմակերպելու համար[13]։ Դարվինի մրցանակին վերաբերող ժամանակակից բանահյուսության սյուժեները մանրամասնորեն վերլուծվել են ռուս բանահավաք Միխայիլ Ալեքսեևսկու «Հրթիռային շարժիչով ավտոմեքենա։ Համացանցում քաղաքային լեգենդների տարածման մեխանիզմները» գիտական հոդվածում (2012)[14]։
Մրցանակաբաշխության հետ կապված քաղաքային լեգենդի օրինակ.
1998 թվականին ամբողջ համացանցում շրջում էր պատմություն կենդանաբանական այգու գերմանացի աշխատողի մասին, որը փորկապությունով տառապող փղին տվել էր լուծողականի ուժեղ դեղաքանակ, իսկ այնուհետև փորձել հոգնա անել։ Այդ պահին բուժումը ներգործել է, այնպես, որ դժբախտը տապալվել է գետնին, ընկնելիս հարվածել գլխով, կորցրել գիտակցությունն ու շուտով շնչահեղձ եղել՝ թաղվելով փղերի կղանքի մեջ։ Հայրենական շատ հրապարակումներ դեռ շարունակում են Ֆրիդրիխ Ռիզֆելդտի և Ստեֆան փղի պատմությունը ներառել Դարվինի մրցանակի մասին իրենց հոդվածներում։ Իսկապես, դժվար է մտածել ավելի հիմար և անհեթեթ մահ։ Միակ խնդիրն այն է, որ իրականում նման բան տեղի չի ունեցել։ Առաջին անգամ այդ փոքրիկ հեքիաթը հրապարակվել է 1998 թվականին «Weekly World News» ամերիկյան բուլվարային թերթում, որը հայտնի է նրանով, որ նյութերի մեծ մասն ամբողջությամբ հնարված են (օրինակ՝ հայտնում է, որ Հիլարի Քլինթոնը գաղտնի կերպով որդեգրել է փոքրիկ այլմոլորակայինի, իսկ նախագահ Ջորջ Բուշին Իրաքի դեմ պատերազմ սկսել համոզել է Լինկոլնի ուրվականը)։ Այդ ժամանակվանից ի վեր գերմանական Պադերբորնից զոոտեխնիկ Ռիզֆելդտի մասին պատմությունը շարունակում է շրջել աշխարհում, չնայած մանրակրկիտ հետազոտողներն արդեն պարզել են, որ այս քաղաքում կենդանաբանական այգի երբևէ չի եղել։
— Միխայիլ Ալեքսեևսկի, «Դարվինի մրցանակ։ Բիզնես հիմարների մահով»
Բացառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է Դարվինի մրցանակը գողին շնորհելու դեպք, երբ վերջինս հետապնդումից փախչելիս անուշադրության պատճառով ինքնակամ մագլցել է բանտի դարպասից ներս։ Այս դեպքում ոչ թե օրգանիզմի վերարտադրողական ունակության կորուստ է տեղի ունեցել, այլ միայն դրա օգտագործման հնարավորության կորուստ։
Երկրորդ բացառությունը բելգիացի տարեց ինժեներ է, որին ներել են նույնիսկ 14 երեխաներն ու 37 թոռները։ Նա սպանվել էր մահացու թակարդներից մեկով, որն ինքնուրույն տեղադրել էր իր տանը, երբ դատարանով այդ տունը պարտվել էր իր աղջիկներից մեկին ու վախեցել վտարվելուց[15][16]։
Երրորդ բացառություն.
1982 թվականին Լոս Անջելեսի բնակիչ Լարի Ուոլթերսը որոշել է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ թռչել, բայց ոչ ինքնաթիռով։ Նա հորինել է օդով ճանապարհորդելու իր սեփական եղանակը։ Ուոլթերսը հարմարավետ բազկաթոռին կապել է հելիումով լցված օդերևութաբանական քառասունհինգ փուչիկներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ մեկ մետր տրամագիծ։ Նա նստել է բազկաթոռին՝ վերցնելով բուտերբրոդի, գարեջրի պաշար և հրացան։ Ազդանշանով նրա ընկերներն արձակել են բազկաթոռը պահող պարանը։ Լարի Ուոլթերսը պատրաստվում էր սահուն կերպով բարձրանալ ընդամենը երեսուն մետր, բայց աթոռը թնդանոթի պես թռել է հինգ կիլոմետր։
Լրիվ փայտացած Ուոլթերսը չի համարձակվել այդպիսի բարձրության վրա կրակել փուչիկների վրա, որպեսզի ցած իջնի։ Նա երկար ժամանակ մնացել է օդում, մինչև Լոս-Անջելեսի ռադարները գտել են նրան։ Ուոլթերսն այնուհանդերձ որոշել է կրակել մի քանի փուչիկների վրա և կարողացել է իջնել գետնին։ Բայց պարանները, որոնցից կախված էին փչած փուչիկները, խճճվել են բարձր լարման հաղորդալարերին, ինչն առաջացրել է կարճ միացում։ Լոնգ-Բիչի ամբողջ շրջանը մնացել է առանց էլեկտրականության։
Երբ Ուոլթերսն իջել է գետնին, նրան անհապաղ ձերբակալել են։ Ոստիկանների «Ինչո՞ւ դա արեցիք» հարցին նա պատասխանել է. «Դե, չի կարելի ամբողջ ժամանակ անգործ նստել»։
Այս դեպքը ներկայացվել է «Ազգային որսորդության առանձնահատկությունները ձմռանը» կինոկատակերգությունում. Լյովա Սոլովեյչիկի չնախատեսված թռիչքը՝ ատրճանակով և մետեոզոնդի երեք գնդակներից «պայթյունային ուժ» ունեցող աթոռի վրա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stanley A. Rice Encyclopedia of Evolution. — Infobase Publishing, 2009-01-01. — 497 с. — ISBN 9781438110059
- ↑ «Google Groups». groups.google.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Алексеевский М.Д. Автомобиль с ракетным двигателем: механизмы распространения городских легенд в Интернете // Традиционная культура. : журнал. — 2012. — № 3. — С. 173-182.
- ↑ Mikkelson B. Darwin Awards // Snopes.Com.. — 2014.
- ↑ «Премия Дарвина. Эволюция в действии» (ռուսերեն). Издательство Corpus. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Failure Magazine LLC. «Wendy Northcutt, thanatologist – Darwin Awards – Failure magazine». failuremag.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Darwin Awards creator Wendy Northcutt interviewed». Better business online: Tips, insight and advice. 2008 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Wendy Northcutt The Darwin Awards Countdown to Extinction. — Reprint edition. — N. Y.: Plume, 2011-10-25. — 336 с. — ISBN 9780452297364
- ↑ Mikkelson, David. «2006 Darwin Awards». snopes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Darwin Awards: History and Rules». www.darwinawards.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Премия Дарвина на русском языке | Правила Премии Дарвина». darwinaward.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Darwin Awards: Urban Legends». www.darwinawards.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Алексеевский М. Д. Фольклор в наше время: традиции, трансформации, новообразования // Фольклор и постфольклор: структура, типология, семиотика: Весенняя школа-2009.
- ↑ Алексеевский М.Д. Автомобиль с ракетным двигателем: механизмы распространения городских легенд в Интернете // Традиционная культура : журнал. — 2012. — № 3. — С. 173-182.
- ↑ «Booby Traps Trap Boob». Официальный сайт премии.
- ↑ Kim Willsher (2002 թ․ նոյեմբերի 10). «Belgian pensioner killed by his own booby-trap». The Daily Telegraph. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- ДУРАЛЕИ Արխիվացված 2010-04-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարվինի մրցանակ» հոդվածին։ |
|