Nothing Special   »   [go: up one dir, main page]

Օննիկ Չիֆթե-Սարաֆ

արևմտահայ արձակագիր

Օննիկ Չիֆթե-Սարաֆ (Հովհաննես Գրիգորի Աբիսողոմյան, հոկտեմբերի 26, 1874(1874-10-26), Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 11, 1932(1932-07-11), Ժնև, Շվեյցարիա), հայ արձակագիր։

Օննիկ Չիֆթե-Սարաֆ
Ծննդյան անունՀովհաննես Աբիսողոմյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1874(1874-10-26)
ԾննդավայրՍկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհուլիսի 11, 1932(1932-07-11) (57 տարեկան)
Վախճանի վայրԺնև, Շվեյցարիա
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
ԿրթությունԿեդրոնական վարժարան
Изображение автографа
Օննիկ Չիֆթե-Սարաֆ Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Սկզբնական կրթությունը ստացել է Գատը գյուղի Արամյան դպրոցում և ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Նյութական անբարենպաստ պայմանների պատճառով վերջին դասարանից դուրս է գալիս և աշխատում է որպես վաճառատան գրագիր։

1900 թ. «Սուրհանդակ» թերթում տպագրել է գրական ակնարկներ «Նշդրակի հարվածներ» ընդհանուր վերնագրով, Օննիկ Չիֆթե Սարաֆ ստորագրությամբ։ Հաջորդ տարում նա հրավիրվում է աշխատակցելու Գրիգոր Զոհրապի և Արփիար Արփիարյանի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթին, որտեղ և տպագրվում են նրա առաջին «Ճերմակներով», «Մեծ «այո»-ն» և այլ նորավեպեր։ Վերջինս արժանանում է «Մասիսի» հայտարարած մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին։

1902-1903 թթ. Չիֆթե-Սարաֆը ճանապարհորդում է Եվրոպայում։ Լինում է Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Անգլիայում։ Խիստ շահեկան և տպավորություններով հարուստ այդ ուղևորության արդյունք են մի շարք նորավեպեր և ճանապարհորդական ակնարկներ՝ «Մշուշի միջեն», «Ռոմա», «Տոմոն», «Մորկեն մեջ» և այլն։ 1903 թ. «Ծաղիկ» շաբաթաթերթում հրատարակված «Միամիտի մը արկածները» վեպը ևս այդ ուղևորության արդյունք է։ Հետագա տարիներին «Մասիս», «Ծաղիկ», «Արևելյան մամուլ», «Շիրակ», «Հայ գրականություն», «Շանթ» պարբերականներում, Թեոդիկի և այլ տարեցույցներում, «Բյուզանդիոն», «Նոր լուր», «Արև» օրաթերթերում հրապարակվում են Չիֆթե-Սարաֆի նորավեպերն ու պատկերները, ուղեգրական ակնարկները, թարգմանությունները (Վիկտոր Հյուգոյից, Անատոլ Ֆրանսից, Պոլ Բուրժեից և այլ հեղինակներից) և բազում հոդվածներ[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Չիֆթե-Սարաֆը բանակ է կանչվում և այս կերպ ազատվում գրչակից ընկերներին վիճակված զարհուրելի սպանդից։ Նա փախչում է բանակից և մինչև զինադադար ծպտված ապրում Պոլսում։

1919 թ. ստանձնում է «Հայ միտք» շաբաթաթերթի հրատարակությունը։ Մինչև 1922 թ. ապրել է Պոլսում, ապա քեմալական շարժման հաղթանակից հետո հայ որբերի հետ անցել է Հունաստան, պաշտոնավարել հունական Քորֆու որբանոցում։ 1923-1932 թթ. աշխատակցել է սկզբում Մարսելում, ապա՝ Ժնևում որպես ուսուցիչ։ Այս տարիներին նա գրում է «Բարի և չարի խոսքեր», «Ազգային տիպեր» պատկերոշարքերը, «Նոյան տապանեն» երգիծական ակնարկները և բազմաթիվ այլ գեղեցիկ էջեր։

Վախճանվել է ծանր վիրահատությունից հետո[2][3]։

  • Թուրք թերորի օրերէն։ Իմ բանտարկութիւնս, Կ. Պոլիս, 1909։
  • Երկեր, Ե., 1981:

Գրականություն

խմբագրել
  • Եղիշե Պետրոսյան, Գրական դեմքեր, Ե., 1977:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. J. Hacikyan, Agop (2005). The Heritage of Armenian Literature From The Eighteenth Century To Modern Times. Detroit: Wayne State Univ Pr. pp. 709-711. ISBN 9780814332214. Retrieved 14 December 2012.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 119-120.
  3. Օննիկ Չիֆթե-Սարաֆ (1981). Երկեր. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 3-5.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օննիկ Չիֆթե-Սարաֆ» հոդվածին։