Nothing Special   »   [go: up one dir, main page]

Գավառ (քաղաք)

քաղաք Հայաստանում
(Վերահղված է Նոր Բայազետից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավառ (այլ կիրառումներ)

Գավառ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։

Քաղաք
Գավառ
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳավառ (համայնք) | Գավառ համայնք[1]
Հիմնադրված է728 թ.
Այլ անվանումներԳեղարքունի, Նոր Բայազետ, Կամո
Տվյալ կարգավիճակում1850 թվականից
Մակերես7 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն19 900[2] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգավառցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (264)
Փոստային դասիչ1201-1205
Ավտոմոբիլային կոդ02
Գավառ (քաղաք) (Հայաստան)##
Գավառ (քաղաք) (Հայաստան)
Գավառ (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)##
Գավառ (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)

Ֆիզիկա-աշխարհագրական նկարագիր

խմբագրել

Բնակավայրը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից՝ 36 կմ։

Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։

Պատմություն

խմբագրել

Հին ժամանակներից քաղաքը հայտնի է եղել Գավառ անունով։ Գավառ քաղաքն ու իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի», մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը եղել է բնակեցված դեռևս մ.թ.ա. 2-1 հազարամյակից։ Քաղաքը բնակեցված է եղել նաև Արշակունիների թագավորության ժամանակահատվածում (66-428թթ.):

Շահ Աբաս I-ի կազմակերպած բռնագաղթի պատճառով քաղաքն ամայացել է և մնացել է չբնակեցված մինչև 19-րդ դարը։ 1829-1830 թվականներին Բայազետ քաղաքից Գավառ են ներգաղթում 240 ընտանիք, որոնք էլ բնակավայրն անվանում են Նոր Բայազետ։ 1995 թվականի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանվանվել է Գավառ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1924 թվականին։

Գավառ քաղաքի հիմնադրման արձանագրություն

խմբագրել
 
Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը

Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում։ Քաղաքը հիմնադրվել է ուրարտական թագավոր Ռուսա Ա-ի կողմից (մ.թ.ա. 735-713թթ.), որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը[3]։ Արձանագրությունը հայտնաբերվել է անվանի հնագետ Թադևոս Ավդալբեգյանի կողմից 1927 թ. այդ դամբարանադաշտում կատարվող հնագիտական աշխատանքների ժամանակ։

Ըստ Ավդալբեգյանի նկարագրության` շիրմաքարերի մոտով անցնելիս («Դարիգլուխ» բնակատեղին ժամանակի ընթացքում վերածվել է գերեզմանոցի) նրա որդին` Մարտիկը, մատնացույց է անում գետնի վրա մի շիրմաքար` ասելով, որ «վրան գծեր կան, բայց հայերեն չեն»։ Ավդալբեգյանը հասկանում է, որ գործ ունի սեպագիր արձանագրության հետ։ Նա ենթադրում է, որ սեպագիրը ժամանակին գտնվելիս է եղել ամրոցի հյուսիսասյին պատի և միջնապատի հատման կետում, որտեղից էլ տեղափոխվել և վեր է ածվել Սողոեյանների ընտանիքի գերեզմանաքարի[4]։

Ավդալբեգյանի կողմից հայտնաբերված սեպագիր արձանագրությունն իր վրա է սևեռում ուսումնասիրողների ուշադրությունը։ Առաջինը դրան անդրադառնում է Արտաշես Քալանթարը, իսկ երեք տարի անց` 1930 թվականին, մեծանուն լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է «Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը» փոքրածավալ, բայց խիստ արժեքավոր աշխատությունը, որում բանասիրական մանրակրկիտ քննությունից հետո ներկայացնում է սեպագիր արձանագրության թարգմանությունը։

Սեպագրի թարգմանությունը

խմբագրել

Սեպագիրը փորագրված է խորանարդաձև բազալտի քարի վրա` երկու կողմերում, բաղկացած է 8 տողից։ Առաջին երեսին արձանագրված տողերը շարունակվում են երկրորդ երեսին։

 
Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը

(1) Աստված Խալդուն մեծին։ Ռուսան
(2) Սարդուրիի որդին ասում է. թագավորին Վելիքուխ
(3) նվաճեցի, ստրուկ դարձրի, երկիրն ու վայրը ենթարկեցի
(4) կառավարիչ այնտեղ կարգեցի, խալդական դռները
(5) պալատը խախտված վերակառուցեցի, հաստատեցի, անվանելով
(6) Խալդ-քաղաք. Երկրին Բիայնին մեծ
(7) երկրին ամբողջ աշխարհին ի շահս Ռուսայի՝ Սարդուրիի որդու համար
(8) թագավորի հզոր, որը Բիայնական թագավոր է գրված[5]։

Արձանագրություից պարզ է դառնում, որ Ռուսա Ա-ն գրավում է Վելիքուխի երկիրը և կառուցում քաղաք՝ անվանելով այն Խալդի։

Ներկայումս արձանագրությունը ցուցադրության է ներկայացված Գավառի երկրագիտական թանգարանում։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գավառը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որտեղ եւս կան բազմաթիվ հուշարձաններ։ Խալդ աստծո քաղաք-տաճարը տեղացիներին հայտնի է «Բերդի գլուխ» անունով։ Ամրոցի երկարությունը արեւելքից արեւմուտք շուրջ 400մ է։ «Բերդի գլխի» հարավարեւելյան կողմում Գավառագետի վրա կա սալաքարերից կառուցված մի կամուրջ, որին տեղացիները Քարե կամուրջ են ասում:

Գավառ քաղաքի կենտրոնում գտնվում է Սբ. Աստվածածին եկեղեցին։ XX դարի առաջին տասնամյակում 1905 թ-ին, քաղաքի կենտրոնում վեր խոյացավ ժողովրդի միջոցներով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գավառի երկրագիտական թանգարանում պահպանված փաստաթղթերի համաձայն՝ եկեղեցու կառուցումը սկսվել է 1902 թվականին հոգեւորական նշանավոր գործիչ Խորեն Մուրադբեկյանի նախաձեռնությամբ եւ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով։ Այն կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցներով, որոնց մեջ հատկապես մեծ է եղել Հայրապետ աղայի դերը։ Սուրբ Աստվածածինը, որը Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցին եւ առաջնորդարանն է, օծվել է 1905 թվականին։ Առաջին պատարագը մատուցել է Խրիմյան Հայրիկը։ Եկեղեցուց ոչ հեռու գնտվում է 1848 թ-ին կառուցված Սբ. Կարապետ բազիլիկ եկեղեցին։ Եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր պահեստի, իսկ այնուհետեւ անուշադրության էր մատնվել։ 2012 թ-ին վերանորոգվեց եւ վերաբացվեց որպես գործող եկեղեցի։ 1952թ. Գավառում բացվել է Գավառագիտական թանգարանը, ուր պահվում են տարածաշրջանում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական նյութեր։

Քաղաքից Արծվաքար տանող ճանապարհի եզրին գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը, որը շինված է փլված ժայռաբեկորներից կազմված նեղ անցքի մեջ։

Արծվաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ 19-րդ դար, ձեռակերտ շինվածք։ Գտնվում է Արծվաքար թաղամասի արեւմտյան եզրին։ Եռանավ բազիլիկ է, խորանի աջ եւ ձախ կողմերում երկու ավանդատներով։ Հարակից տարածքում 1999  թվականին արծվաքարցի բարերար Խաչիկ Սիմոնյանի կողմից կառուցվել է նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Հացառատ թաղամասում պահպանվել են իրար կից Ս. Աստվածածին եւ Ս. Գրիգոր եկեղեցիները` շրջապատված պարսպով։ Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Թեեւ, եկեղեցու արեւելյան ճակատի վրա պահպանված շինարարական արձանագրության համաձայն, եկեղեցին կառուցել է Շաղաբաթ իշխան Առնեղացին 898 թ., սակայն իր ճարտարապետական տիպով եւ հարդարանքի տարրերով Ս. Աստվածածին եկեղեցին վերագրվում է VII դ.: Ենթադրվում է, որ 898 թ. կարող է նորոգման տարեթիվը լինել։ Եռախորան, գմբեթավոր կառույց է` արեւմտյան ուղղանկյուն խաչաթեւով։ Ունի երկու մուտք` արեւմտյան եւ հարավային։ Կառուցված է գորշ, սրբատաշ տուֆով։ Եկեղեցու արեւելյան ճակատին ագուցված է որմնախաչ։

«Զիարաթ» սրբատեղին գտնվում է Գավառքաղաքից 11 կմհեռավորությանվրա՝ դեպիհարավ- արեւմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 2200-2300 մետր։ Տեղի հայերեն անվանումը կորսված է՝ դարեր առաջ հայբնակչության բնաջնջման հետեւանքով։ «Զիարաթ» նշանակում է ուխտատեղի, ուխտավայր։ Այդպես է կոչվել տեղի արոտավայրերում իրենցանասուններն արածեցնող թուրքերի` կովկասյան թաթարների կողմից։

Սբ. Գրիգոր եկեղեցին կից է Ս. Աստվածածին եկեղեցուն` հարավային կողմից։ Կառուցվել է XIX դ., ավելի հին եկեղեցու հիմքի վրա։ Եռանավ բազիլիկ է։ Պահպանվել են հին եկեղեցու պատերի մնացորդները։ Եկեղեցիների շուրջը ընդարձակ գերեզմանատուն է` բազմաթիվ թվագիր խաչքարերով եւ տապանաքարերով։

Սբ. Խաչ մատուռը գտնվում է Գեղամա լեռների համանուն լեռնագագաթի վրա, 2460 մ բարձրության վրա։ Կառուցվել է 15-րդ դարում։ Մատուռը վերակառուցվել է 1969 եւ 1998 թվականներին։ Ներկայումս այն բարեկարգ վիճակում է։ Մատուը ուխտատեղի է Գավառի տարածաշրջանի բնակչության համար, ովքեր այստեղ են գալիս հիմնականում Խաչվերացի տոնին, ինչը մեծ շուքով է նշվում լեռան գագաթին՝ ուղեկցվելով մատաղի արարողությամբ, երգ ու պարով։ Մատուռ տանող ճանապարհը երկար է, մի քիչ դժվար, սակայն դա չի խանգարում ուխտագնացներին։

Դարագլուխ հնավայրը գտնվում է քաղաքի մոտ, ունի հնագույն մի շարք գերեզմանաթմբեր[6]։

Բնակչություն

խմբագրել

Գավառի ազգաբնակչության փոփոխությունը[7].

Տարի 1831 1897 1974 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 1346 8751 21382 31234 32300 26621 26000 19900

Տնտեսություն

խմբագրել

Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, սակայն աշխուժություն է նկատվում նաեւ առեւտրի եւ արհեստագործության շրջանում։ Հաճախակի են երաշտի տարիները, որից տուժում է գյուղատնտեսությունը։

Գավառի երկրագիտական թանգարան

խմբագրել

Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ[8]։

Խոհանոց

խմբագրել

Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, փախլավան և շաքար-լոխումը Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզի յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում[8]։

Քույր քաղաքներ

խմբագրել

Հայտնի գավառցիներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 թ․ օգոստոս-ին.
  3. «Գավառ համայնքի անձնագիր». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. Թադևոս Ավդալբեգյան, Նոր Բայազեդի նորագյուտ սեպագիրը, Տեղեկագիր գիտության և արվեստի, 1929
  5. Գրիգոր Ղափանցյան, «Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը», 1930 թ., Երևան, էջ 27-28
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 50 — 992 էջ։
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբեր-ին.
  8. 8,0 8,1 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավառ (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 206