Nothing Special   »   [go: up one dir, main page]

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոռ (այլ կիրառումներ)

Կոռ, աշխատավճար, ռենտա, հարկադիր աշխատանք։ Կոռապարտ գյուղացին կատարում էր երկրագործական, շինարարական, արհեստագործական և այլ աշխատանքներ։ Նա կոռային պարտավորություններ ուներ նաև ֆեոդալական պետության կամ երկրի իշխանի հանդեպ։

...երբ անմիջական արտադրողը շաբաթվա մի մասում փաստորեն կամ թե իրավաբանորեն իրեն պատկանող գործիքներով (գութան, տավար և այլն)... անվարձ աշխատում է հողատիրոջ կալվածքում, հողատիրոջ համար...[1]

Կոռային տնտեսության ընդհանուր բնութագիր

խմբագրել

Կոռային տնտեսությանը բնորոշ էր.

  • ա. բնատնտեսության տիրապետությունը
  • բ. անմիջական արտադրողի՝ հողով, այլ արտադրամիջոցներով ապահովված և հողին ամրացված լինելը
  • գ. գյուղացու անձնական կախվածությունը կալվածատիրոջից («արտատնտեսական հարկադրանք»)
  • դ. տեխնիկայի չափազանց ցածր մակարդակը[2]։

Կոռային աշխատանքի արտադրողականությունը ցածր էր, որն արգելակում էր արտադրողական ուժերի զարգացումը։ Կոռի միջոցով հողատերը յուրացնում էր գյուղացու հավելյալ աշխատանքը և, նույնիսկ, անհրաժեշտի մի մասը։

Պատմություն

խմբագրել

Կոռը առաջացել է ֆեոդալական հարաբերությունների կազմավորման վաղ շրջանում, տարածվել բոլոր երկրներում։ Հետագայում կոռային հարաբերությունները նվազել, բայց չեն վերացել՝ պահպանվելով բնամթերային ու դրամական ռենտայի գերիշխանության ժամանակ։ Շահագործման կոռային ձևը տիրապետող է դարձել

  • Արևմտյան Եվրոպայում VIII—IX դարերում
  • Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում XVI — XVII դարերում, իսկ XVIII դարի 2-րդ կեսից՝ աստիճանաբար կազմալուծվել է
  • Արևելքի երկրներում լայն զարգացում չի ստացել
  • Լատինական Ամերիկայում այն բռնի տարածել են իսպանացիները։
  • Ռուսաստանում այն առաջացել է Կիևյան Ռուսիայի ժամանակներում, իսկ XV—XVI դդ. վերջերին դարձել տիրապետող։ Կոռային հարաբերությունները զարգացման առավել բարձր աստիճանի հասան XVIII դ. 2-րդ կեսին։ Դրանք Ռուսաստանում պահպանվեցին նաև 1861 թ.-ի ճորտատիրական իրավունքի վերացումից հետո («կիսրարական պարտավորություններ» անվամբ), մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը։
  • Կոռը տարբեր ձևերով պահպանվել է գաղութային ու կախյալ երկրներում։
  • Կոռը գոյություն ուներ նաև Հին Հայաստանում։

Հայաստանում

խմբագրել

Վաղ միջնադարում կատարվում էին «խաշար», «գուգազ», «բեկար», «մարդահարկ» և այլ անուններով կոռային պարտույթներ (քաղաքների վերականգնում, ճանապարհների, կամուրջների շինարարություն իսկ զարգացած ֆեոդալիզմի շրջանում կոռային աշխատանքները հանդես էին գալիս բուն աշխատավճար ռենտայի ձևերով։ Գյուղացիներն աշխատում էին կալվածատիրոջ տնտեսությունում անձամբ («մարդոյ կոռ»), ինչպես նաև իրենց արտադրամիջոցներով («եզին կոռ», «վեցկէ կոռ», «սայլին կոռ» և այլն)։

Միջնադարում հայ աշխատավորը կոռային պարտույթներ էր կատարում և՛ յուրային, և՛ օտար շահագործողների մոտ։ Կոռի տևողության մասին մատենագրական աղբյուրներում որոշակի տվյալներ չկան։ Մխիթար Գոշի Դատաստանագրքում նշված է.

  յաւուրս շաբաթի յևթնէն մին գործիցէ իշխանի և տէրունի, այլ աւելի աշխատելն զձեռամբ անկեալն անիրաւոլ թիւն մեծ է  

Սա ավելի շատ կոռային աշխատանքի սահմանափակման պահանջ է, քան իրադրության արձանագրում։ Իրականում, Զաքարյան Հայաստանում, Կիլիկիայի հայկական պետությունում տերունի կալվածքները մշակվել են գյուղացու հարկադիր աշխատանքով։

Կոռային պարտույթները պետական և մուլքադարական տնտեսություններում լայնորեն կիրառվել են նաև Երևանի խանությունում։ Ռուսական տիրապետության ժամանակ Հայկական մարզում գյուղացիության պարհակների չափերը համեմատաբար կրճատվեցին, իսկ դրանց երեք ձևերը (աշխատավճար, բնամթերային, դրամական) պահպանվեցին և կիրառվեցին միաժամանակ։

Մուլքադարներն (կալվածատերեր) օգտագործում էին գյուղացիների արտադրամիջոցները՝ նրանց կենդանի աշխատանքի հետ։ Ընդ որում, աշխատանքը կատարվում էր և՝ առանձին ընտանիքներով, և՝ ամբողջ համայնքով։ Կոռի այս ձևը կոչվում էր էվրեզ։ Գյուղացիական ռեֆորմը զգալիորեն փոփոխեց պարհակների հարաբերակցությունը, կոռային աշխատանքները սահմանափակվեցին ճորտային կախվածության մյուս ձևերի ուժեղացման պայմաններում։ Դրանք վերացվեցին սոցիալիստական հեղափոխության ընթացքում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մարքս Կարլ, Կապիտալ, հատոր 3, մաս 2, 1949, էջ 327
  2. Լենին Վլադիմիր Իլյիչ, Երկ., հատոր 3, էջ 223—25
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 601