Ալեքսանդրապոլի գավառ
Ալեքսանդրապոլի գավառ, վարաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ալեքսանդրապոլ քաղաքն էր։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Երևանի նահանգ | ||
Ներառում է | 22 համայնք | ||
Վարչկենտրոն | Ալեքսանդրապոլ | ||
Խոշորագույն քաղաք | Ալեքսանդրապոլ | ||
Հիմնական լեզու | Հայերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 165․500 | ||
Ազգային կազմ | Հայեր (մոտ 86 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 3,759.8 | ||
Հիմնադրված է | 1840 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Շիրակ | ||
Ալեքսանդրապոլի գավառը հարավում սահմանակցում է Երևանի նահանգի Նոր Բայազետի և Էջմիածնի գավառներին։ Արևմուտքում՝ Ախուրյան գետի երկայնքով, անցնում էր սահմանը Կարսի մարզի հետ, իսկ հյուսիսում Թիֆլիսի նահանգն էր։ Ծայր արևելքում գավառը սահմանակցում էր Ելիզավետպոլի նահանգին։
Ներառել է հիմնականում ժամանակակից Շիրակի մարզը (բացի Ամասիայի շրջանից), ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի Արագածի շրջանը, Լոռու մարզի Սպիտակի շրջանն ու Գուգարքի շրջանի կեսը։
Անվանում
խմբագրելԳավառն իր անունը ստացել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ի (1825-1855) կնոջ՝ Ալեքսանդրա կայսրուհու անունով։
Պատմություն
խմբագրելԳավառը կազմվել է 1840 թվականին։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։
1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի տարածքը և Ալեքսանդրապոլի գավառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։
Ալեքսանդրապոլի գավառը տարածքային որոշ փոփոխություններ կրել է 1870 թվականին։ 1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։
1924 թվականից անվանափոխվել է «Լենինականի գավառ», ապա՝ 1929 թվականին լուծարվել։
Բնակչություն
խմբագրելԳավառի կենտրոն Ալեքսանդրապոլը քաղաքը ձևավորվել էր համանուն բերդի շուրջ։ Վերջինս կառուցվել էր հինավուրց հայկական Կումայրի (Գյումրի) բնակավայրում, որի բնակչությունը 19-րդ դարի սկզբին 600 մարդ էր։ Կարսեցիների ու կարինցիների ներգաղթից հետո Ալեքսանդրապոլի բնակչությունը 1830 թվականին հասնում է 5 000-ի։
1897 թվականի կայսերական մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը կազմել է 165,5 հազար մարդ։ Հայերը կազմել են 85,5 %, իսկ մնացած 24000 բնակիչները եղել են կովկասյան թաթարներ (ադրբեջանցիներ, 4,7 %), ռուսներ՝ 3,4 %, քրդեր՝ 3,0 % և այլ ազգեր։ Վարչական կենտրոն Ալեքսանդրապոլի բնակչությունը կազմել է 30 616 մարդ[2]։ Ալեքսանդրապոլն, ըստ այդմ, երկրորդ տեղում էր Արևելյան Հայաստանի քաղաքների շարքում (Շուշի, Ալեքսանդրապոլ, Երևան, Կարս)։
1926 թվականի մարդահամարով արդեն Լենինականի գավառի բնակչությունը կազմել էր 166 793 մարդ[3]։
1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 165 500 մարդ էր, որի 85.5 տոկոսը հայեր էին, շուրջ 8 տոկոսը՝ մուսուլմաններ՝ քրդեր, թուրքեր, թաթարներ։ Ռուսները կազմում էին 3 տոկոս։ Բուն քաղաքի բնակչությունը 30 հազարից ավելի էր։ Արևելյան Հայաստանի 3 խոշորագույն քաղաքներում (Շուշի, Ալեքսանդրապոլ, Երևան) այն 2-րդ տեղում էր[4]։
Վարչական բաժանում
խմբագրել1913 թվականին գավառը բաժանված էր 22 համայնքի[5]՝
- Ալիխանի (Գետիկ)
- Արթիկի
- Բոզիքենդի (Մարգահովիտ)
- Թոփշան-Ղշլաղի
- Իլլի-Ղարաքիլիսայի (Հողմիկ)
- Կապանակի (Բասեն)
- Համամլուի (Սպիտակ)
- Հաջի-Խալիլի (Ծաղկահովիտ)
- Հոռոմի
- Ղզըլ-Ղոչի (Աշոցք)
- Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր)
- Միրաքի
- Մոլլա-Գյոքչայի (Մարալիկ)
- Նալբանդի (Շիրակամուտ)
- Նիկիտինսկոյե (Ֆիոլետովո)
- Ջաջուռի
- Սարալի (Նոր Խաչակապ)
- Սողութլիի (Սառնաղբյուր)
- Վոսկրեսենսկա (Լերմոնտովո)
- Քաֆթառլիի (Փանիկ)
- Փոքր Ղարաքիլիսայի (Ազատան)
- Օրթաքիլիսայի (Մայիսյան)
1926 թվականին գավառը բաժանվում է 7 շրջանի՝ Աղբաբա (կենտրոն՝ Ամասիա), Հաջի-Խալիլ (կենտրոն՝ Ծաղկահովիտ), Դուզքենդ (կենտրոն՝ Ալվար), Կարթարլի, Ղայղուլի-Ղազանչի, Մոլլա-Գյոքչա (կենտրոն՝ Մարալիկ), Թալին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Александрапольский уезд
- ↑ «Приложение. Справочник статистических показателей Российской империи» ((ռուսերեն)). demoscope.ru. 2016 թ․ փետրվարի 2.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Всесоюзная перепись населения 1926 г. Ленинаканский уезд» ((ռուսերեն)). demoscope.ru. 2016 թ․ փետրվարի 2.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 74-75 — 785 էջ։
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։