Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Սարաևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարաևո (այլ կիրառումներ)
Քաղաք
Սարաևո
բոս․՝ Sarajevo, խորվ.՝ Sarajevo, սերբ.՝ Сарајево
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՍարաևոյի շրջան
Հիմնադրված է1263 թ.
Մակերես142 կմ²
ԲԾՄ527 մետր
Բնակչություն369 534 մարդ (2013)
Ագլոմերացիա688,354
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 (33)
Փոստային ինդեքս71000
Փոստային դասիչ71000
Պաշտոնական կայքsarajevo.ba
Սարաևո (Բոսնիա և Հերցեգովինա)##
Սարաևո (Բոսնիա և Հերցեգովինա)

Սարաևո (բոս․՝ , խորվ.՝ , սերբ.՝ Sarajevo [sǎrajeʋo], թուրքերեն՝ Saraybosna), Բոսնիա և Հերցեգովինայի և դրա մասը կազմող Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մայրաքաղաք[1]։ Սարաևոյի շրջանի վարչական կենտրոնն է։

Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմել է 369,5 հազար մարդ կամ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 10 %-ը[2]։ 1992-1995 թվականների պատերազմի հետևանքով բավականին կրճատվել է քաղաքում բնակվող սերբերի թիվը։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաևոն իր անվանումը ստացել է 15-րդ դարի կեսերին կառուցված պալատի անունից։ Առաջին անգամ «Սարայ-օվասի» տերմինը կիրառվել է 1455 թվականի փաստաթղթում, որը կարող է թարգմանվել որպես «պալատի արևմտյան մասում գտնող դաշտ», թուրքերեն «saraj» և «ovasi» բառերից, որոնք համապատասխանաբար թարգմանվում են «պալատ» և «դաշտ»[3][4]։ Քաղաքը նախկինում կոչվել է Բոսնա Սարայ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «պալատ, վարչական բաժանում» (բառացիորեն «բոսնիական պալատ»), որը կառուցվել է Գազի Հուսրև Բեգ փաշայի կողմից XVI դարում։ Բոսնիայի Ավստրո-Հունգարիային միանալուց հետո 1878 թվականին անվանափոխվել է և դարձել Սարաևո, որը բառացիորեն թարգմանվում է «պալատական»[5][6]։

Վարկածներից մեկի համաձայն՝ Սարաևո քաղաքը հիմնադրվել է միջնադարյան Վրխբոսնա քաղաքի վայրում (առաջին անգամ հիշատակվում է 1415 թվականին[7])՝ «գետի վերին հոսանքը» կամ «լեռ Բոսնայի վերևում», սերբերեն «վրխ»՝ «բարձունք, լեռ» և ''Բոսնա''՝ գետ, որի մոտակայքում գտնվում էր քաղաքը[5]։

Բոսնիացիները քաղաքն անվանել են «Շեհեր-Սարաևո», իսկ թուրքերը՝ «Նոր Դամասկոս»[8]։ Էթնոկրոնական բազմազանության պատճառով քաղաքն անվանում էին նաև Եվրոպական կամ Բալկանյան Երուսաղեմ[9]։

Միլյացկա գետի հովիտը բնակեցվել է նեոլիթի ժամանակաշրջանում։ Գիտնականներն ենթադրում են, որ այդ տարածքով արևելքի ուղղությամբ անցնում էր հին հռոմեական ճանապարհ։ 6-8-րդ դարերում հովտում սկսեցին բնակեցվել սերբեր[10][11][12]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարաևոյի լանդշաֆտը

Սարաևոն գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում և Բոսնիա պատմական շրջանի տարածքում, Միլյացկա գետի ափերին, Սարաևոյի գոգահովտում։ Քաղաքը շրջապատում են անտառածածկ ժայռերը և Դինարյան բարձրավանդակի լեռները։ Դրանցից ամենաբարձրը Տրեսկավիցա լեռն է (2088 մ), այնուհետև Բելաշնիցան (2067 մ), Յախորինան (1913 մ), Տրեբևիչը (1627 մ), ամենացածրը՝ Իգման լեռն է (1502 մ)։ Վերջին չորսը հայտնի են նաև Օլիմպիական լեռներ անունով։ Քաղաքի լանդշաֆտը նույնպես բլրապատ է, ինչի մասին վկայում են քաղաքի բազմաթիվ զառիթափ փողոցները և բնակելի շենքերը, որոնք կառուցված են սարալանջերին։ Պատմական կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 541 մետր[13]։

Սարաևո քաղաքի կլիման չափավոր ցամաքային է, որի վրա հարավից ազդում է միջերկրածովյան կլիման։ Ամառը տաք է։ Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 19,1 °C: Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը դիտվել է 1946 թվականի օգոստոսի 19-ին՝ 40,0 °C: Սարաևոյում ամառը տևում է 68 օր։ Ձմեռը հով է։ Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -1,3 °C միջին ջերմաստիճամբ։ Ձմեռը հաճախ լինում է ուժեղ մառախուղ։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է 1942 թվականի հունվարի 24-ին՝ -26,4 °C: Ձնածածկույթը պահպանվում է 139 օր։ Ադրիատիկ ծովի մոտ գտնվելու պատճառով աշունը ավելի տաք է, քան գարունը։

Արևային ժամերի թիվը տարվա ընթացքում հասնում է 1830-ի, այդ թվում 260 ժամ՝ օգոստոսին և 46 ժամ՝ դեկտեմբերին[14]։ Քաղաքը գտնվում է 7-րդ ցրտադիմացկունության գոտում[15]։ Բոսնա գետի և նրա վտակների, այդ թվում նաև Միլյացկայի ափերից դուրս գալու ժամանակ քաղաքում լինում են ջրհեղեղներ[16]։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սարաևոում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 2,7 5,9 10,4 15,1 20,3 23,1 25,5 25,7 22 16,5 9,7 3,5 15
միջին նվազագույնը (°C) −4,4 −2,3 0,6 4,4 8,5 11,4 12,8 12,6 9,7 5,7 1,6 −2,8 4,8
տեղումների քանակը (մմ) 71 67 70 74 82 91 80 71 70 77 94 85 932
Աղբյուր՝ www.wetterkontor.de
Սարաևո քաղաքի համայնապատկերը
Սարաևո քաղաքի համայնապատկերը


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bosnia and Herzegovina: CIA World Factbook» (PDF). CIA World Factbook. 2014 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. Census 2013th official data Արխիվացված 2018-11-23 Wayback Machine.
  3. Behija, Zlatar. Zlatno doba Sarajeva: XVI stoljeće. — Svjetlost, 1996. — С. 96.
  4. Donia, 2006, էջեր 31
  5. 5,0 5,1 Поспелов, Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — М.: АСТ, 2001.
  6. «Istorijski nazivi: Vrhbosna, Saray». // mirjanadetelic.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  7. Вавилов, С. И. и др. Большая советская энциклопедия, Том 38. — М.: Государственное научное издательство, 1950. — С. 94.
  8. Matica: list za književnost i zabavu (Том 3). — Platonova štamparija, 1868. — С. 274.
  9. Промицер, К. и др. Southeast European Studies in a Globalizing World. — LIT Verlag Münster, 2014. — С. 130.(անգլ.)
  10. Раннефеодальные государства на Балканах VI—XII вв. / Литаврин Г.Г.. — Москва: Наука, 1985. — С. 198.
  11. Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 18. — ISBN 978-5-7777-0431-3
  12. Листая страницы сербской истории / Е.Ю. Гуськова. — М.: Индрик, 2014. — С. 13. — ISBN 978-5-91674-301-2
  13. См. стр. 7: «Kanton Sarajevo u brojkama» (PDF). // fzs.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  14. «Klima Sarajeva». // sarajevo.ba. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  15. «Климатические зоны Европы». // plantsdb.gr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.(անգլ.)
  16. См. стр. 1: «Regulation of Bosnia River in Sarajevsko Polje — IPA 2011» (PDF). // europa.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարաևո» հոդվածին։