Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ալլահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար · համայնք
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Ալլահ (արաբ․՝ الله‎‎ Ձայն [ʔalˤːɑːh][1][2][3][4][5]), արաբերեն բառ, որը նշանակում է մեկ և միակ Արարիչ Աստված և Դատաստանի օրվա Տեր։ Աստված իսլամում, որը մարդկանց է ուղարկել իր վերջին սուրհանդակին՝ (ռասուլ) Մուհամմադին։ Նախաիսլամական Արաբիայում Ալլահը Գերագույն աստվածությունն էր և ամեն ինչի արարիչը[6]։ Իսլամի հավատքի խորհրդանիշի՝ շահադայի (վկայություն) կարճ ձևն ասում է. «Չկա աստվածություն Ալլահից բացի, և Մուհամմադն է նրա առաքյալը»։

«Ալլահ» բառը արաբերեն
«Ալլահ» բառը արաբերեն

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբագիտության մեջ համարվում է, որ Ալլահ բառը նշանակում է ալ-իլահ և ստեղծվել է՝ ալ (الـ al) և իլահ (إلٰهٌ ilah) բառերի միաձուլմամբ, որը նշանակում է Աստված, որը արմատավորված է եբրայերեն «Էլոհիմ» Թորայում, արամերեն՝ «Էլահ», սիրիական՝ «Ալոհո» և աքքադերեն՝ «Իլու»[7]։

Միևնույն ժամանակ, ըստ որոշ մուսուլման աստվածաբանների, «Ալլահը» պատշաճ անուն է, որը չի առաջացել որևէ իմաստաբանական արմատներից (գայր մուշթաքք)[8]։

«Ալլահ» բառը միշտ հատուկ ձևով է օգտագործվում իսլամի բոլոր գրություններում՝ նշելով Աստծո միասնությունն ու եզակիությունը՝ որպես բազմաստվածության մերժման հաստատում։

Արաբներն ու արաբախոսները, որոնք դավանում են աբրահամական այլ կրոններ (հուդայականություն և քրիստոնեություն), օգտագործում են այս բառը արաբերեն աղոթքներում և երկրպագություններում՝ Աստծուն դիմելու համար[9][10]։ Աստվածաշնչի արաբական տարբերակում «Աստված» բառը թարգմանվում է որպես «Ալլահ»[11][12]։

Միևնույն ժամանակ, սովորաբար, երբ խոսքը վերաբերում է իսլամին, «Ալլահ» բառը դեռ օգտագործվում է Աստծուն նշելու համար, նույնիսկ ոչ արաբախոս միջավայրում:

Ալլահի 99 անունները

Ալլահի անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական ավանդույթում գոյություն ունի Ալլահին վերագրվող անունների հայեցակարգ։ Այս բոլոր անուններն բնորոշում են Ալլահի հատկությունները, որոնցով նա արտահայտում է իր ներկայությունը ստեղծված աշխարհում։ Այսինքն, չնայած Ալլահի անունների բազմակարծությանը, դրանք բոլորը պատկանում են միայն նրան։ Դրանք չեն կարող նմանվել ստեղծագործությունների հատկություններին։ Հայտնի է Մուհամմադ մարգարեի հետևյալ հադիսը. «Ալլահն ունի իննսունինը անուն, հարյուրը՝ առանց մեկի։ Ալլահի Մարգարեն ասաց՝ նա, ով թվարկում է դրանք, կմտնի դրախտ»[13]։ Օրինակ՝ Ղուրանում հիշատակված Ալլահի անուններն են՝ Ար-Ռաբ (Տեր), Առ-Ռահման (Ողորմած), Առ-Ռահիմ (Գթասիրտ), Ալ-Հեյյ (Ապրող, Կենդանի), Ալ-Ահադ (Միակ) և այլն։ Այնուամենայնիվ, Ալլահի անունների քանակը չի սահմանափակվում իննսունինով, քանի որ Ալլահը անուններ ունի, որոնք չեն նշվել Ղուրանում և Սուննայում։

Ալլահի 99 անունները, որոնք միավորվել են մեկ ցանկում, հաստատվում են Աբու Հուրայրայից (Մուհամմադ մարգարեի ամենահայտնի ուղեկիցներից մեկը) փոխանցված հուսալի հադիսով։

الرَّحْمَان – Առ-Ռահման՝ ողորմած, մեծահոգի

الرَّحِيم – Առ-Ռահիմ՝ ողորմած, մեծահոգի

المَلِك – Ալ-Մալիք՝ արքա

المؤمن – Ալ-Մումին՝ հավատ պարգևող, պահապան

القُدُّوس – Ալ-Կուդդուս՝ սուրբ

السَّلام – Աս-Սալամ՝ խաղաղություն, բարեկեցություն պարգևող

المُهَيْمِن – Ալ-Մուհայմին՝ պահապան, հսկիչ

العَزِيز – Ալ-Ազիզ՝ ուժեղ, հզոր, սիրելի

الجَبَّار – Ալ-Ջաբբար՝ ուժեղ, հզոր

المُتَكَبِّر – Ալ-Մութաքաբբիր՝ հպարտ, կարևոր

الخَالِق – Ալ-Խալիկ՝ արարիչ, ստեղծող

البَارِئ – Ալ-Բարի՝ արարիչ, ստեղծող

المُصَوِّر – Ալ-Մուսավվիր՝ նկարիչ, արարիչ, ստեղծող

الأوَّل – Ալ-Աուալ՝ առաջին, սկզբնադիր

الآخِرُ – Ալ-Ախիր՝ վերջին

الظَاهِر – Ազ-Զահիր՝ տեսանելի, պարզ, ակնհայտ

البَاطِن – Ալ-Բատին՝ թաքնված, գաղտնի

السَّمِيع – Աս-Սամի՝ ամեն բան լսող

البَصِير – Ալ-Բասիր՝ ամենատես

المَوْلَى – Ալ-Մաուլա՝ տեր, տիրակալ

النَّصير – Ան-Նասիր՝ պաշտպան, օգնական, աջակից

العّفوّ - Ալ-Աֆու՝ ներողամիտ, մեծահոգի

القَدير – Ալ-Կադիր՝ հզոր, ուժեղ, ամենակարող

اللَّطيف- Ալ-Լատիֆ՝ սիրալիր, բարի

الخَبِير – Ալ-Խաբիր՝ ամենագետ

الجَمِيل - Ալ-Ջամիլ՝ գեղեցիկ

المُحييّ – Ալ-Մուհի՝ կենդանացնող, կյանք պարգևող

السَّتير – Աս-Սաթիր՝ պահապան

الكَبِير – Ալ-Քաբիր՝ մեծ, մեծագույն

المُتَعَال - Ալ-Մութաալ՝ բարձր, վեհ

الوَاحِد - Ալ-Ուահիդ՝ միակ

القهَّار - Ալ-Կահհար՝ ամենակարող

الحَقّ - Ալ-Հակկ՝ ճշմարիտ, արդարացի

المُبِين - Ալ-Մուբին՝ պարզ, ակնհայտ

القَويّ - Ալ-Կաուի՝ ուժեղ, հզոր

المَتِين - Ալ-Մաթին՝ ամուր

الحيّ - Ալ-Հեյյ՝ կենդանի

القَيُّوم - Ալ-Կայյում՝ հավերժ, հավերժ գոյություն ունեցող

العَليّ - Ալ-Ալի՝ բարձր, վեհ

العَظِيم – Ալ-Ազիմ՝ խոշոր, վեհագույն, մեծագույն

الشَّكُور – Աշ-Շաքուր՝ շնորհակալ, երախտապարտ

الحَلِيم – Ալ-Հալիմ՝ համբերատար

الوَاسِع – Ալ-Ուասի՝ ամենահաս

العَلِيم – Ալ-Ալիմ՝ իմաստուն, ամենատես

التُواب – Աթ-Թուաբ՝ ներող, ներողամիտ

الحَكِيم – Ալ-Հաքիմ՝ իմաստուն

الغَنِيّ – Ալ-Ղանի՝ հարուստ

الكَرِيم – Ալ-Քարիմ՝ բարի, մեծահոգի

الأَحَد - Ալ-Ահադ՝ միակ

الصَّمَد – Աս-Սամադ՝ հավերժ, անփոփոխ

القَرِيب – Ալ-Կարիբ՝ մերձավոր, հարազատ

المُجيب – Ալ-Մուհիբ՝ սիրելի, սիրված

الغَفُور – Ալ-Ղաֆուր՝ ներող, ներողամիտ

الوَدود – Ալ-Ուադուդ՝ սիրող

الوَلِيّ – Ալ-Վալի՝ մոտ, հարազատ

الحَميد – Ալ-Համիդ՝ գովելի, գովեստին արժանի

الحَفِيظ - Ալ-Հաֆիզ՝ պահապան

المَجيد – Ալ-Մաջիդ՝ փառավոր

الفَتَّاح – Ալ-Ֆաթթահ՝ շնորհներ տվող

الشَهِيد - Աշ-Շահիդ՝ վկա, վկայող

المُقَدّم – Ալ-Մուկադդիմ ՝ հատկացնող, շնորհող

المُؤخّر – Ալ-Մուախխար ՝ հեռու տանող, հեռու քշող

المَلِيك – Ալ-Մալիք՝ արքա

المُقْتَدِر – Ալ-Մուկթադիր ՝ ամենակարող

الجَليل – Ալ-Ջալիլ՝ հզոր, ուժեղ

القَابِض – Ալ-Կաբիդ՝ պահող, պահապան

البَاسِط – Ալ-Բասիտ՝ առատաձեռն

الرَّازِق – Առ-Ռազիկ՝ սնող, սնուցող

القَاهِر – Ալ-Կահիր՝ հաղթող, անհաղթ

الديَّان – Ադ-Դայյան՝ դատավոր

الشَّاكر – Աշ-Շաքիր՝ երախտապարտ

المنّان – Ալ-Մաննան՝ ողորմած, մեծահոգի, առատաձեռն

القَادِر - Ալ-Կադիր՝ ուժեղ, հզոր

الخَلَّاق – Ալ-Խալլակ՝ արարիչ, ստեղծող

مالك المُلك – Մալիք ալ-Մուլք՝ արքայությունների արքա

الرَّزَّاق – Առ-Ռազզակ՝ սնուցող, սնող

الوَكِيل - Ալ-Ուաքիլ՝ պահապան, պաշտպան

الرَّقِيب – Առ-Ռակիբ՝ հսկող, հետևող

المُحْسِن - Ալ-Մուհսին՝ բարեգործ

الحَسيب – Ալ-Հասիբ՝ երևելի

الشَّافي – Աշ-Շաֆի՝ դարմանող

الرَّفِيق – Առ-Ռաֆիկ՝ ուղեկից, ընկեր

المُعْطي – Ալ-Մու’տի` պարգևող, շնորհող

المُقيت – Ալ-Մուկիթ՝ սնող, սնուցող

السَّيِّد – Աս-Սայյիդ՝ տեր, տիրակալ

الطَّيِّب – Ատ-Տայյիբ՝ բարի, մեծահոգի

الحَكَم – Ալ-Հաքամ՝ դատավոր

الأَكْرَم – Ալ-Աքրամ՝ ազնվագույն, վեհանձնագույն

البَرّ – Ալ-Բարր՝ ազնիվ, արդար, բարի

الغَفَّار – Ալ-Ղաֆֆար՝ ներող, ներողամիտ

الرَّءوف – Առ-Ռաուֆ՝ կարեկցող, գթասիրտ, ողորմած

الوَهَّاب – Ալ-Ուահհաբ՝ ամենը պարգևող

الجَوَاد – Ալ-Ջաուադ՝ առատաձեռն, մեծահոգի

الرَّشيد – Առ-Ռաշիդ՝ ճշմարիտ

الوَارِث – Ալ- Ուարիս՝ ժառանգող

الرَّبّ – Առ-Ռաբբ՝ տեր, տիրակալ

الأعْلَى – Ալ-Ա’լա՝ վեհագույն

الصَّبور – Աս-Սաբուր՝ համբերատար

Ալլահը Ղուրանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ իսլամական դավանանքի՝ Ղուրանը Ալլահի ուղիղ խոսքն է, որը ուղղակիորեն ուղարկվել է Մուհամմադ մարգարեին կամ Ջիբրիլ հրեշտակի միջոցով (Աստվածաշնչյան՝ Գաբրիել)։ Մուսուլմանների Ալլահը սկզբունքորեն նույնական է քրիստոնյաների և հրեաների Աստծու հետ։ Ալլահի կերպարը Ղուրանի ողջ քարոզի առանցքն է. ինչպես Մեքքայի, այնպես էլ Մադինայի ժամանակաշրջաններում Ղուրանի սուրաների (գլուխների) գրման ժամանակ Ալլահի հիմնական առանձնահատկությունները անփոփոխ են, չնայած տարբեր ժամանակահատվածներում տարբեր հատկությունների վրա շեշտադրումները տարբեր են։ Ղուրանի հիմնական թեմաներից մեկը Ալլահի եզակիությունն ու ներքին միասնությունն է։ Նրա հանդեպ հավատը հակադրվում է բազմաստվածությանը[14]։

Ըստ Ղուրանի՝ «Նա մեկն է՝ միակը, չունի և չի կարող ունենալ որևէ «գործընկեր», չի ծնվել և չի ծնել, և ոչ մեկը նրան հավասար չի եղել»։

Ղուրանը անընդհատ ասում է, որ Ալլահը կատարյալ է, հզոր (Ալ-Ազիզ) և հոյակապ (Ալ-Ջալիլ)։ Աշխարհում ամեն ինչ ենթակա է նրան, ոչինչ չի կատարվում առանց նրա կամքի և առանց նրա իմացության։ Նա հոգ է տանում իր ստեղծածների մասին, ողորմած է (Առ-Ռահման) մարդկանց նկատմամբ,  ներողամիտ է (Ալ-Աֆուվ)։ Մարդիկ պետք է գիտակցեն Ալլահի զորությունն ու մեծությունը, ենթարկվեն նրան, հնազանդ լինեն (իսլամ նշանակում է հնազանդություն), նրանք պետք է հավատան Ալլահին և միշտ ապավինեն Նրա կամքին և ողորմությանը[14]։

Ալլահ բառի ուղղագրությունը արաբերեն․ 1. ալեֆ 2․ համզա 3. լյամա 4. լյամա 5. շադա 6. ալիֆ 7. հա

Ալլահը Ղուրանում հանդես է գալիս որպես միակ Արարիչ, որը ստեղծել է բոլոր բաները, ներառյալ մարդուն և այն, ինչով նա ապրում է (ռիսք)։ Նա իր հրամանով բաներ է անում (եղիր հրամայական բառով)։ Ալլահը մարդկանց համար միակ իսկական թագավորն է (մալիք) և դատավորը (հակամ), որը պարգևատրում է մարդկանց իրենց բարի և մեղավոր արարքների համար։ Ղուրանի հաճախ հանդիպող նկարագրություններից (սյուժեներից) մեկը ժողովուրդների և գյուղերի պատիժն է, որոնց բնակիչները չեն ցանկացել լսել Նրա սուրհանդակներին և կատարել են բազմաթիվ մեղքեր։ Ժամանակ առ ժամանակ Ալլահը մարդկանց մոտ է ուղարկել իր մարգարեներին (նաբի) և առաքյալներին (ռասուլ), որոնք կոչված են մարդկանց հասցնելուԱլլահի մասին լուրը։ Վերջին առաքյալը Մուհամմադն է, որը համարվում է «մարգարեների կնիք», այսինքն նրանից հետո Ալլահը այլևս մարգարեներ չի ուղարկելու[14]։

Ալլահը հնարավորություն ունի ցանկացած պահի ոչնչացնել երկիրը, հարություն տալ մահացածներին (բաս բադ ալ-մաութ) և հարություն առածներին (հաշր) հավաքել դատաստանի (կիյամաթ)։ Յուրաքանչյուր մարդ իր արարքների համար կպարգևատրվի կամ դրախտում երանությամբ (ջաննաթ), կամ դժոխք գնալով (ջահաննամ)։ Աղբյուրներից մեկի տվյալներով՝ անհավատների դատաստանի և պատժի պատկերը (կաֆիր) կազմում է Մուհամմադ մարգարեի առաջին քարոզների զգալի մասը[14]։

Ալլահն մարդկանց մոտ իրեն դրսևորում է հայտնություններով։ Ամենը ինչ նա հայտնել է, նշաններ են մարդկության համար։ Հայտնություններից մեկը Ղուրանն է[14]։

Աստվածաբանական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանի մի շարք այաթներում Ալլահը նկարագրվում է չափազանց կոնկրետ կամ հակասական։ Այն հակասություններ է առաջացրել մուսուլմանական տարբեր հոսանքների միջև և օգտագործվել է նաև ոչ մուսուլմանների կողմից հակաիսլամական հակասություններում։ Այնուամենայնիվ, մուսուլման աստվածաբանները միակարծիք են, որ այս այաթները պարունակում են միայն թվացյալ հակասություններ, որոնք իրականում լրացնում են միմյանց[14]։

Ղուրանը բազմիցս նշվում է, որ մարդու բոլոր գործերը ստեղծվել են Ալլահի կողմից, որ աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում միայն նրա գիտությամբ (քադար)։ Միևնույն ժամանակ, ամեն կերպ ընդգծվում է, որ մարդը պատասխանատու է իր գործողությունների համար, որոնց համար նա կստանա հատուցում։ Աստծո և մարդու հարաբերությունների վերաբերյալ այս դատողությունների հակադրությունը վեճերի պատճառ է դարձել իսլամական աստվածաբանների շրջանում։ Նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել մութաշաբիհաթ այաթների հետ, որոնցում Ալլահը փոխաբերականորեն խոսվում է որպես էակ, որն ունի մարմնի մասեր, ինչպես մարդը (ձեռք, դեմք, աչքեր) և կատարում է մարդկային գործողություններ (նստում է գահին, գալիս է և այլն)[14]։

Ալլահի ուսմունքը իսլամական կրոնի և աստվածաբանության հիմքն է, իսկ Ալլահի եզակիության և միասնության դոգման (թաուհիդ) իսլամի հիմնական սկզբունքն է։

Ալլահի բնույթի տարբեր ասպեկտներ քննարկվել և բացատրվել են հադիսներում, Ղուրանի մեկնաբանություններում (թաֆսիր), հատուկ աստվածաբանական գրություններում (ակիդա)։ Երկու հիմնական խնդիրներն են․

  • Ալլահի բնության էություն (վուջուդ Ալլահ, աթ-թաուհիդ)։
  • Ալլահի արարքների բնույթը (աֆ՛ալ տա՛ալա, ալ-՛ադըլ)[14]։

8-12-րդ դարերի ընթացքում հիմնական քննարկումներն առաջացրել են Ալլահի հատկությունների (հատկանիշների) խնդիրը և դրանց փոխհարաբերությունները նրա էության հետ։ Ավանդապաշտները պահանջում էին ընդունել Ղուրանում պարունակվող հիշատակումները Ալլահի հատկությունների մասին՝ առանց պատճառաբանության (խաշավիթներ, տաշբիհ)։ Որոշ հոսանքներ հերքում էին Ալլահի մեջ որակների առկայությունը կամ դրանք խորհրդանշականորեն մեկնաբանում (ջահմիթներ, մութազիլիտներ)։ 9-10-րդ դարերից սկսած, գաղափարներ են տարածվել Ալլահի մեջ հատկությունների իրական գոյության մասին, որոնք անքակտելիորեն կապված են նրա աստվածային էության հետ (կալամ, աշարիտներ, մատուրիդիտներ)։ Աստվածաբանների տարաձայնությունների առարկան Ալլահի այնպիսի հատկությունների իրական բովանդակությունն էր, ինչպիսիք են «հանդիպումը մարդկանց հետ» (դատաստանի օրը և դրախտում արդարների կողմից Աստծուն տեսնելը) և «ելույթը»[14]։ 8-10-րդ դարերի կարևոր աստվածաբանական վեճերից մեկը «Ալլահի խոսքի» (Ղուրան) ստեղծման կամ չստեղծման հարցն էր։ Աստվածաբանական միջավայրում քննարկվել է նաև Ղուրանում «մարդաբանական» արտահայտությունների մեկնաբանման (կամ մեկնաբանությունից հրաժարվելու) հնարավորությունը[15]։

Ռոհտաս ամրոց, Պակիստան

Իսլամական աստվածաբանությունը, ըստ էության, ծագել է 7-8-րդ դարերի վերջին՝ քննարկելով մարդկանց արդար հատուցման սկզբունքի համադրությունը Ալլահի ամենազորության և նրա կողմից բոլոր մարդկային արարքների ստեղծման հետ (կադարիտներ, ջաբրիտներ, մուրջիիտներ)։ Ելնելով Ղուրանի և հադիսի տեքստերից՝ ավանդապաշտները հրաժարվել են խնդրի վերջնական լուծումից։ Մութազիլիտները և աստվածաբանական այլ դպրոցներ ընդունում էին մարդու՝ իր արարքները կատարելու ունակությունը։ 10-12-րդ դարերում մշակվել են մի քանի հասկացություններ, որոնք հաշտեցնում են մարդու գործողությունների վերջնական կախվածությունը աստվածային կամքից մարդու գործողությունների հետ՝ այդ գործողությունը իրականացնելու «ընտրության», «ձեռքբերման», դա կատարելու «ունակության» և այլնի միջոցով (իխտիար, կասբ, իստիտաա)[15]։

Մարդկանց և Ալլահի միջև կապի խնդիրները զարգացել են իմամաթի վերաբերյալ շիական հայացքներում։

Սուֆիները Ալլահի բնույթի խնդիրը համարում էին որպես նրա ճանաչման ուղու խնդիր, նրա էությունը հասկանալու ոչ թե բանականությամբ, այլ սիրո միջոցով (մահաբբա), ամեն ինչում Ալլահին ապավինելը (թավաքքուլ) և ասկետիզմ (զուհդ)։ Վահդաթ ալ-Շուհուդի սուֆիական հայեցակարգը ենթադրում է Ալլահի իջնելը միստիկի սրտում, իսկ Վահդաթ ալ-Վուջուդը՝ մարդու լուծարումը աստվածային էության մեջ[15]։

Մուսուլման փիլիսոփաները մեծ ուշադրություն են դարձրել Ալլահի ճանաչմանը բանականության օգնությամբ և նրա գոյության անհրաժեշտության ռացիոնալ ապացույցներին։ Փիլիսոփաների համար Ալլահը բարձրագույն և անհրաժեշտ կատարելություն է, բարձրագույն բանականություն և բարձրագույն սեր, որը ստեղծել է աշխարհը՝ մարմնավորվելով դրանում էմանացիայի հիերարխիայի միջոցով (ֆալսաֆա)[15]։

Միաստվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլահի եզակիության և միասնության դոգման նշելու համար մուսուլմաններն օգտագործում են թաուհիդ տերմինը[12][16] (միաստվածություն)։ Թաուհիդ հասկացությունը իսլամի հիմնական, հիմնարար սկզբունքներից մեկն է, որը հիմնականում նշանակում է բազմաստվածության ժխտում (շիրկ), որն արտահայտվում է «չկա աստվածություն, բացի Ալլահից» բանաձևով։ Թաուհիդ բառը գալիս է «վահադա» բայից, որը նշանակում է «ինչ-որ բան մեկ դարձնել», «ինչ-որ բան համարել որպես միակ»։ Սպեկուլյատիվ աստվածաբանության մակարդակում թաուհիդի խնդիրը լուծվել է Ալլահի էության (զաթ) և նրա հատկանիշների (սիֆաթ), Արարչի և նրա ստեղծագործությունների հարաբերակցությունը բացատրելու առումով[17]։

Հասկացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաուհիդ նշանակում է ընդունել, որ Ալլահը միակ Արարիչն է՝ ամեն ինչի Տերը։ Նա «ունի գեղեցիկ անուններ և կատարյալ հատկություններ»[6]։ Միաստվածության վարդապետության էությունը առավել ամբողջական և հստակ բացահայտում են Ղուրանի մեքքայական սուրաները, մասնավորապես՝ «Ալ-Իհլաս» սուրան[18]։

Թաուհիդի հիմնական սկզբունքն այն պնդումն է, որ գոյություն ունի միայն մեկ Աստված՝ արարիչ, ով ստեղծել է ամեն ինչ։ Նա հավերժ է և ղեկավարում է տիեզերքի բոլոր գործընթացները։ Բոլորը նրա կարիքն ունեն, իսկ նա ոչ մի բանի և ոչ մեկի կարիք չունի։ Թաուհիդի վարդապետությունը մերժում է քրիստոնեական Երրորդությունը և այն պնդումները, թե իբր Աստված կարող է որդիներ կամ դուստրեր ունենալ։ Թաուհիդը մերժում է նաև հրեաների այն պնդումները, որ Արարիչը միայն մեկ ընտրված ժողովրդին է ամենաշատը օգնում[19]։

«Ալլահ» անունով մեդալիոն Այա Սոֆիայում, Ստամբուլ

Թաուհիդի վարդապետության կարևոր մասը միայն Ալլահին երկրպագելու անհրաժեշտությունն է։ Ծառայության գործողությունները ոչ միայն հատուկ կրոնական ծեսերն են, այլև ամբողջ կյանքը, մարդու բոլոր գործողությունները։ Մարդիկ պետք է ճշգրիտ կատարեն Ալլահի բոլոր պատվիրանները և կատարեն միայն այն, ինչ թույլատրվում է և ձեռնպահ մնան այն ամենից, ինչ արգելված է Նրա կողմից[19]։

Մուսուլմանի պարտականությունները ներառում են հավատք Ալլահի բոլոր անուններին և հատկություններին, որոնք նշված են Ղուրանում և վստահելի հադիսներում։ Այս անուններն ու որակները պետք է հասկանալ այնպես, ինչպես նկարագրված են Սուրբ գրքերում[19]։

Ալլահը, որն ունի բացարձակ ուժ, իշխանություն և զորություն, կարող է ստեղծել կենդանի և անկենդան բնության տարբեր ձևեր և ոչնչացնել դրանք։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս աշխարհում, խորը իմաստ ունի, և ամեն ինչ կառուցված է Արարչի սկզբնական ծրագրի համաձայն։ Նրան են պատկանում նաև օրենսդրական գործառույթները։ Ալլահը ներկա է իր ստեղծած աշխարհում և ղեկավարում է բոլոր գործընթացները, որոնց շնորհիվ նրա ստեղծածներն ունեն կենսագործունեության ունակություն և ապահովված են դրա համար անհրաժեշտ միջոցներով (ռիզկ)[19]։

Ալլահը ողորմած է և արդար իր ստեղծածի նկատմամբ։ Նա մարդկան չարիք չի ցանկանում. նրանք, ովքեր անարդար են վարվում, պատասխան են տալու Ալլահի առջև կիամատայի ժամանակ (Աստծո դատաստանի օրը) և արդար պատիժ են կրելու[19]։

Թաուհիդի հասկացությունը տարբեր ուղղություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաստվածության վարդապետության սկզբունքները մանրամասն ուսումնասիրվել և համակարգվել են մուսուլման աստվածաբանների կողմից[19]։

Մութազիլական աստվածաբանությունը թաուհիդ հասկացության մեջ ներառել է Ալլահի էությունից տարբերվող և նրա հավերժական հատկանիշների ժխտումը[17]։

Աշարիտներն ու սիֆաթիտները թաուհիդը մեկնաբանում էին որպես Ալլահի եզակիության ճանաչում՝ կապված նրա էության հետ (վահիդ ֆի սիֆաթիհի լա շարիկա լահու), նրա հավերժական հատկանիշների (վահիդ ֆի սիֆաթիհի ալ-ազալիա լա Նազիրա լահու) և նրա գործողությունների (վահիդ ֆի աֆ՛ալիխի լա շարիկա լահու)[17]։

Հանբալիականները, մասնավորապես Իբն Թայմիան, թաուհիդ հասկացության մեջ ներառում էին միայն Ալլահի համար աստվածային բնույթի ճանաչում (թաուհիդ ալ-ուլուհիա), նրա ճանաչումը որպես միակ արարիչ (թաուհիդ ար-ռուբուբիա), և մարդու լիակատար նվիրվածությունը Ալլահին (թաուհիդ ալ-ուբուդիա)[17]։ Սուֆիզմի մեջ թաուհիդի ըմբռնումը հանգեցրել է բազմաստվածության ժխտմանը և համարվում էր սովորական հավատացյալների սեփականությունը (Թաուհիդ ալ-'ամմա)։ Սուֆիները առանձնացրել են թաուհիդի երեք հիմնական ձևերը․

  • մարդկային կամքի լուծարումը աստվածայինի մեջ (թաուհիդ և ռադի)։
  • մարդու ինքնաոչնցացումը (ֆանա') իր էության մեջ (թաուհիդ շուհուդի)։
  • ընդունում, որ Ալլահից բացի ոչինչ գոյություն չունի (թաուհիդ վուջուդի)։

Թաուհիդի վերջին ձևը բնորոշ էր Իբն Արաբիի ուսմունքին, որը հետագայում սկսել է որակվել որպես «գոյության միասնության» վարդապետություն (վահդաթ ալ-վուջուդ)[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «God». Islam: Empire of Faith. PBS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Islam and Christianity», Encyclopedia of Christianity (2001): Arabic-speaking Christians and Jews also refer to God as Allāh.
  3. Gardet L., 1986
  4. Zeki Saritoprak (2006). «Allah». In Oliver Leaman (ed.). The Qur'an: An Encyclopedia. Routledge. էջ 34.
  5. Vincent J. Cornell (2005). «God: God in Islam». In Lindsay Jones (ed.). Encyclopedia of Religion. Vol. 5 (2nd ed.). MacMillan Reference USA. էջ 724.
  6. 6,0 6,1 Али-заде, 2007
  7. Allah Արխիվացված 2013-05-09 Wayback Machine // Columbia Encyclopedia
  8. Батыр Р., 2007
  9. Encyclopedia of the Modern Middle East and North Africa, Allah
  10. «Allah Արխիվացված 2012-10-20 Wayback Machine» // Encyclopedia Britannica, 2007
  11. Arabic Life Application Bible
  12. 12,0 12,1 Гогиберидзе, 2009, էջ 15
  13. Сборники хадисов аль-Бухари и Муслима
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 Ислам: ЭС, 1991, էջ 19
  15. 15,0 15,1 15,2 15,3 Ислам: ЭС, 1991, էջ 20
  16. Ньюби, 2007, էջ 257
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Ислам: ЭС, 1991, Таухид
  18. Ньюби, 2007, էջ 258
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Али-заде, 2007, Таухид
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլահ» հոդվածին։